Կառուցապատողի կողմից շենքի կառավարման մարմնին փոխանցվող փաստաթղթերի մասով պահանջ կսահմանվի. նախագիծ

1 Min Read

Նախաձեռնությամբ առաջարկվում է նոր իրավասություններ սահմանել բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում պետական լիազոր մարմնի, ՏԻՄ-երի ներկայացուցիչների և մարզպետների աշխատակազմերի համար:

Ներկայացնելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունները` ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը:

Գործադիրը փաթեթով սահմանում է նաև բազմաբնակարան շենքի կառուցումից հետո կառուցապատողի կողմից շենքի կառավարման մարմնին փոխանցվող փաստաթղթերի փոխանցման պահանջ: Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Զեկուցողի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում բովանդակային փոփոխություններ չեն իրականացվել: Նշվել է, որ նախաձեռնության վերաբերյալ տեխնիկական բնույթի առաջարկներ է ներկայացրել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը, որոնք ընդունվել են:

Դավիթ Գրիգորյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրներին, մասնավորապես, կիսակառույց շինություններին, շինթույլտվությունների տրամադրման ժամկետներին և այլն:

Օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և ստացել դրական եզրակացություն:

Կիսվեք այս հոդվածով