Ապրիլի 1-ից Հայաստանի քաղաքացիները արտերկրից 200 եվրոյի և 31 կգ-ի շեմը գերազանցող առցանց առևտուր անելու դեպքում մաքսատուրք կվճարեն։ Այս մասին Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրեց 3 օր առաջ՝ այսինքն ուժի մեջ մտնելու նախորդ օրը։
«2024 թվականի ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի (այդ թվում նաև անձնական օգտագործման ապրանքներ, որոնք առաքվում են փոխադրողի կողմից) արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության:
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը:
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ տվյալ արտոնության շեմը կիրառվելու է 2024 թվականի ապրիլի 1-ից հետո ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քաղաքացի Արման Ղազարյանը մարտ ամսվա ընթացքում բջջային հեռախոս է պատվիրել Չինաստանից, որի արժեքն է շուրջ 380 դոլար։ Մաքսավճարի մասին չի իմացել, նշում է՝ տեղյակ չի եղել, որ հնարավոր է փոփոխություններ լինեն։
«Գիտեմ, որ եթե 200 հազար դրամից թանկ ապրանք գնեմ, բերեմ Հայաստան, պիտի փող մուծեմ։ Առածս հեռախոսը արժեր մոտավորապես 150 հազար դրամ։ Հայաստանում դա ծախում են 230 հազար դրամով։ Մտածեցի՝ էժան կգա»,–Banksnews.am-ի հետ զրույցում նշում է քաղաքացին։
Անահիտ Հակոբյանն էլ ռոբոտ-փոշեկուլ է պատվիրել, արժեքը՝ 420 դոլար։ Պետական եկամուտների կոմիտեի ֆեյսբուքյան էջից է իմացել փոփոխության մասին․
«Անտեղյակ մարդիկ 2 օր առաջ գնումներ են արել, ու 2 օր հետո պարզ է դառնում, որ պետք է հարկ մուծեն։ Ո՞նց կարելի է որոշումը ուժի մեջ մտնելուց 3 օր առաջ տեղեկացնել դրա մասին։ Սա անմարդկային վերաբերմունք է, թող բացառություն անեն էն մարդկանց համար, ում ապրանքները արդեն ճանապարհին են»,- Banksnews.am-ի հետ զրույցում նշում է Հակոբյանը։
ՊԵԿ-ից պատասխանում են, որ հնարավոր փոփոխության մասին տեղեկացվել է ավելի վաղ, մինչդեռ կցված հրապարակման մեջ կոնկրետ չի նշվում, թե առցանց անմաքս առևտրի ի՞նչ շեմ է գործելու ապրիլի 1-ից հետո և փոփոխության արդյունքում ինչպես է հաշվարկվելու մաքսավճարը։
«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշման համաձայն, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը։ Միաժամանակ կոմիտեն հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։
ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված է առավել խիստ նորմ՝ 200․000 ՀՀ դրամ և (կամ) 31 կգ, հետևաբար շարունակելու է գործել սահմանված 200․000 դրամի և (կամ) 31 կգ-ի արտոնության շեմը։ ՊԵԿ-ը հայտնում է, որ նշված կարգավորումները վերաբերվում են բացառապես անձնական օգտագործման ապրանքներին»,- նշված է ՊԵԿ-ի այն հաղորդագրության մեջ, որին հղում է կատարում հենց ՊԵԿ-ը՝ պնդելով, որ քաղաքացիները տեղեկացվել են։
Արդյո՞ք այստեղ չի խախտվում քաղաքացիների` տեղեկացվածության և փոփոխությունների կանխատեսելիության սկզբունքը։
Banksnews.am-ը հարցի պատասխանը ստանալու համար դիմեց Պետական եկամուտների կոմիտեին։
«Մենք, երբ նախորդ տարի տեղեկացրել էինք, որ արտոնության շեմը երկարացվել է, ու գործելու է 200 հազար դրամի շեմը, դա գործել է մինչև ապրիլի 1-ը։ Նախորդ անգամ, երբ որոշման ժամկետը երկարացրել էին, ընդունել էին սեպտեմբերի 27-ին, ու ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 1-ից՝ այսինքն՝ ուժի մեջ մտնելուց 2-3 օր առաջ։ Հիմա ևս, քննարկումների արդյունքում ԵԱՏՄ-ն որոշում է կայացրել, որ արտոնության ժամկետը չի երկարաձգվելու։ Այդ իսկ պատճառով մենք երբ համոզվել ենք, որ արտոնության ժամկետը չի երկարաձգվելու, ու շեմը դառնալու է նորից 200 եվրո, մենք իրազեկել ենք հանրությանը։ ԵԱՏՄ-ում կան փորձագիտական խմբեր, աշխատանքային խմբեր, ովքեր պարբերաբար քննարկումներ են ունենում որոշումներ ընդունելու, երկարաձգելու կամ չերկարաձգելու մասին։ Մենք երբ համոզվել ենք, որ արտոնությունը չի երկարաձգվում, հրապարակել ենք։ Ճիշտ չէր լինի 15-20 օր առաջ տեղեկացնեինք, որ 200 եվրո է արդեն գործելու, հետո ԵԱՏՄ անդամ պետություններից մի հատ նախաձեռնություն լիներ, որ նորից արտոնության շեմը շարունակվեր 1000 եվրո ու մարդկանց մոտ հարցեր առաջանար»,- Banksnews.am-ի հետ զրույցում նշեց ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության պետ Գարիկ Մինասյանը։
Դիտարկմանը, թե ոչ բոլոր մարդիկ կարող էին իմանալ` արտոնությունից հետո որքան է լինելու շեմը ու որքան մաքսատուրք են վճարելու, ՊԵԿ պաշտոնյան արձագանքեց։
«Մարդիկ իմ պատկերացմամբ դեռ 2021 թվականին, 2022 թվականի մի հատվածը, 2020 թվականին օգտվել են 200 եվրո արտոնության շեմից, ուղղակի այս 2 տարվա ընթացքում միջանկյալ բարձրացվեց դրույքաչափի շեմը։ Մարդիկ նախկինում ևս 200 եվրո արտոնության շեմից են օգտվել, շատ-շատ մարդիկ լավ տեղեկացված են եղել այդ մասին։ Տարիներ շարունակ այդ 200 եվրոյի շեմն է գործել։ Սա նորություն չէ»։
Հնարավո՞ր է բացառություն համարել այն դեպքերը, երբ քաղաքացիներն արդեն իսկ ունեն պատվիրված ապրանքներ, որոնք գնել են՝ առանց իմանալու առաջիկա փոփոխության մասին։
«Դրանք ԵՏՄ կարգավորումներով են որոշվում, ընդ որում՝ ներմուծման փուլում գործող դրույքաչափերն են կիրառվելու։ Արտոնության շեմերը, գործող դրույքաչափերը ֆիքսելը ոչ թե մենակ ՀՀ օրենսդրական կարգավորումներով են, այլ ԵՏՄ օրենսդրության շրջանակներում են։ Որպես Հայաստանի Հանրապետություն` ինքնուրույն նման որոշում բացառություններ չենք կարող սահմանել»,- Banksnews.am-ի հետ զրույցում նշեց ՊԵԿ պաշտոնյան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում