Առաջարկվում է կանոնակարգել սպանդանոցային գործունեությունը և խստացնել վերահսկողությունը

2 Min Read

Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Այն է՝ խախտումների դեպքում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում ունենա իրավական հիմք՝ կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը:

Ինչպես նաեւ առաջարկվում է սահմանել լիազորող նորմեր, որպեսզի նոր մշակվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում հնարավոր լինի սահմանել այն լիազորող նորմերը, որոնք լիազորում են Կառավարությանն ընդունելու համապատասխան իրավական ակտերը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 2-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Պատգամավորները սպանդանոցային գործունեության, դրանց համալրման վերաբերյալ հարցեր են հնչեցրել եւ առաջարկներ ներկայացրել փոխնախարարին:

Տաթեւիկ Սարգսյանը պարզաբանել է, որ Կառավարության թիվ 993 որոշմամբ արդեն լրացում է կատարվել, որտեղ ներառվել է «սպանդանոցային կետ» հասկացությունը, այսինքն՝ մարդիկ կարող են ավելի դյուրացված տարբերակով՝ սպանդանոցային կետ հիմնելով, իրականացնել կենդանիների սպանդը սպանդանոցային կետերում:

Այս համատեքստում պատգամավոր Միքայել Թումասյանն առաջարկել է տարբեր ձեւերով լավարկել իրազեկման աշխատանքը:

«Եթե կան Կառավարության ծրագրեր, փոփոխություններ, եթե ունենք պոտենցիալ շահառուներին իրազեկելու մեթոդներ, ապա պետք է գնանք, տեղում իրազեկենք, որ մարդիկ տեղյակ լինեն»,- մասնավորապես ասել է նա:

Տաթեւիկ Սարգսյանը պարզաբանել է, որ օրենքների նախագծերը ոչ միայն դրվում են հանրային քննարկման, այլեւ նախարարության համապատասխան ստորաբաժանումը մարզերում՝ գյուղացիների շրջանում, մարզպետարաններում, փոփոխվող ծրագրերի վերաբերյալ խորհրդատվություն է տալիս:

Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Share This Article
Թողնել մեկնաբանություն