ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որն այս անգամ անցկացվել է արտագնա ձևաչափով՝ Դիլիջանի երիտասարդական կենտրոնում։ Խորհրդի անդամները նախ մասնակցել են երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը. նրանք շրջել են կենտրոնում, ծանոթացել դրա ենթակառուցվածքներին:
Այնուհետև տեղի է ունեցել խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է հաճախ առիթներ գտնել, և քննարկումներն անցկացնել տարբեր բնակավայրերում․ «Քանի որ նիստի օրակարգում ներառված էր «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որոշեցինք, որ լավ առիթ է այն անցկացնել նորաբաց երիտասարդական կենտրոնում՝ կարևորելով քննարկվող ծրագրերը նաև առարկայական տեսնելու փաստը»։ Անդրադառնալով օրենքի նախագծին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն ընթացիկ տարվա կարևորագույն անելիքներից է․ «Քանի որ երիտասարդության ոլորտում առկա են բազմաթիվ ծրագրեր, ուստի անհրաժեշտություն է առաջացել ունենալ ավելի ընդհանուր իրավական կարգավորումներ, որը թույլ կտա ոլորտի քաղաքականությունը դարձնել ավելի համակարգված և արդյունավետ, իսկ իրականացվող ծրագրերը՝ առավել փոխկապակցված և համադրելի»։
Երիտասարդության ոլորտը կունենա իր մայր օրենքը
Նիստի օրակարգի առաջին հարցը՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ մեր երկիրը երբեք չի ունեցել երիտասարդության ոլորտը կարգավորող օրենք, և Կառավարության ծրագրով առկա է նման օրենքի մշակման պարտավորություն․ «Նախագծի քննարկումը շատ ակտիվ և մասնակցային է ընթանում․ նախարարի հրամանով նոյեմբերին ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ունի իր ենթախմբերը, որոնք ամեն մարզում 3-ական, իսկ Երևանում՝ 2-ական հանրային քննարկումներ պետք է անցկացնեն։ Ընդ որում՝ նախագիծը մշակվում է հենց երիտասարդների ակտիվ մասնակցությամբ»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով օրենքի հիմնական նպատակը, այն է՝ երիտասարդության ոլորտում պետության կողմից վարվող քաղաքականության իրավական հենքի ստեղծում, ֆինանսավորման բաշխման հիմնական սկզբունքների ու պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների լիազորությունների և գործառույթների սահմանում: Ըստ փոխնախարարի՝ օրենքով կկարգավորվեն երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները, ինչպես նաև այդ գործընթացում ներգրավված սուբյեկտների և պետական կառավարման մարմինների միջև ծագող իրավահարաբերությունները:
Կսահմանվի երիտասարդի տարիքային նոր շեմ
Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ օրենքի նախագծով սահմանվել է, որ երիտասարդ է համարվում 13-ից 30 տարեկան քաղաքացին՝ ընդգծելով, որ այդ հարցում հիմք է ընդունվել եվրոպական լավագույն փորձը։ Սահմանվել է նաև երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, և նրանց գումարային տարիքը չի գերազանցում 70-ը։ Նրա խոսքով՝ օրենքի նախագծով սահմանվել են մի շարք հասկացություններ՝ երիտասարդական աշխատանք և աշխատող, երիտկազմակերպություն, ոչ ֆորմալ խմբեր, աշակերտական և ուսանողական խորհուրդներ, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին, որը հանդիսանում է դրանց ներկայացուցչական մարմինը, այդ թվում՝ միջազգային հարթակներում։ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև երիտասարդական միջավայրին, որտեղ, ըստ փոխնախարարի, փորձ է արվել տարբերակված մոտեցում ցուցաբերել՝ երիտասարդական կենտրոն, համայնքային երիտասարդական կենտրոն և երիտասարդական տարածք:
Կսահմանվի երիտասարդական ծրագիրը
Ըստ նախարարի տեղակալի՝ նախագծում հստակ սահմանվել է նաև երիտասարդական ծրագիրը, որը պետք է պետական քաղաքականությունից բխող գործառույթների կամ նպատակների իրականացմանն ուղղված կոնկրետ նախագիծ լինի։ Փոխնախարարը հասարակական խորհրդի անդամներին մանրամասն ներկայացրել է երիտասարդական քաղաքականության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի և ՏԻՄ իրավասությունները, ինչպես նաև երիտասարդական պետական քաղաքականության մշակման, հաստատման և իրականացման գործընթացները։ Արթուր Մարտիրոսյանը հանգամանորեն ներկայացրել է նաև տվյալ ոլորտում պետական քաղաքականության մշտադիտարկման և գնահատման համակարգը՝ երիտասարդության ազգային ինդեքսը, որն այդ քաղաքականության ազդեցությունը գնահատելու համապարփակ գործիք է։ Այն կարող է հիմք հանդիսանալ փաստահեն պետական երիտասարդական քաղաքականության մշակման, առաջնահերթությունների սահմանման և թիրախային ներդրումների համար:
2025 թ. բյուջետային և 2025-27 թթ. ՄԺԾԾ հայտը․ ԿԳՄՍ ոլորտներին հատկացվող բյուջեն շարունակաբար աճում է
Օրակարգի երկրորդ հարցը՝ 2025 թ. բյուջետային և 2025-27 թթ. ՄԺԾԾ հայտը ներկայացրել է ԿԳՄՍՆ Ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը: Նա նշել է, որ ՄԺԾԾ ռազմավարական հիմքերն են՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագիրը, ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ու Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման ռազմավարությունները: Ըստ զեկուցողի՝ ԿԳՄՍ ոլորտներին հատկացվող բյուջեն շարունակաբար աճում է․ 2020 թվականի համեմատ այն աճել է ավելի քան 80 տոկոսով, իսկ 2025 թվականի հայտը 2024-ի համեմատ նախատեսում է ևս 20 տոկոսի աճ։ «Այս տարի ԿԳՄՍ նախարարությունը բյուջեի գլխավոր կարգադրիչ է հանդիսանում է 22 բյուջետային ծրագրերի մասով, որոնք ներառում են շուրջ 230 քաղաքականության միջոցառումներ։ Հայտով առաջարկվել է ևս 1 նոր բյուջետային ծրագիր ու 38 միջոցառում։ Ֆինանսական բաշխումն ըստ ԿԳՄՍ ոլորտների այսպիսին է. կրթություն՝ 81 տոկոս, գիտություն՝ 10 տոկոս, մշակույթ՝ 6 տոկոս, սպորտ՝ 2 տոկոս, երիտասարդություն՝ 1 տոկոս»,-նշել է Ռոբերտ Ստեփանյանը:
Կրթության ոլորտի ֆինանսավորման հիմնական մասը հատկացվում է հանրակրթությանը՝ 82 տոկոս
Նրա խոսքով՝ կրթության ոլորտի ֆինանսավորման հիմնական մասը հատկացվում է հանրակրթությանը՝ 82 տոկոս, որը պայմանավորված է շահառուների մեծ թվով և երեխաների՝ միջնակարգ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքի պահպանմամբ։ Հանրակրթության ոլորտի բյուջեն այս տարի կազմել է 225 մլրդ դրամ, որի մեծ մասը դպրոցների ֆինանսավորումն է։ Բացի դրանից՝ գումարներ կուղղվեն ուսուցիչների օժանդակությանը, դասագրքերի տպագրությանը և աշակերտների աջակցությանը։ «Միջնաժամկետ ծախսային ծրագիրը կազմված է երկու մասից՝ գոյություն ունեցող պարտավորություններ և նոր նախաձեռնություններ։ Ըստ հայտի՝ 15 մլրդ դրամով ավելանում են գոյություն ունեցող պարտավորությունների մասով ծախսերը, որը հիմնականում պայմանավորված է դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմամբ։ Վերջին տարիներին մեծ հատկացումներ են արվում դպրոցաշինության և գույքով համալրման ծրագրերին․ այս տարի նախատեսվում է 113 մլրդ դրամ, իսկ մյուս տարի կունենաք 8 մլրդի աճ՝ ներառյալ մանկապարտեզները»,-նշել է Ռոբերտ Ստեփանյանը՝ հավելելով, որ կամավոր ատեստավորման գործընթացին կհատկացվի 10 մլրդ դրամ։ Այս պահին հավելավճար է ստանում 3700 ուսուցիչ․ նախատեսվում է, որ մյուս տարի նրանց թիվը կհասնի 5300-ի։ Աշակերտների անվանական թոշակին կտրամադրվի 197 մլն դրամ, որը պայմանավորված է շահառուների թվով, ԲՏՃՄ կրթությանը՝ 175 մլն դրամ, որն իր մեջ ներառում է լաբորատորիաների ստեղծման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացները։ Որպես նոր նախաձեռնություն՝ այս տարի նախատեսվում է դպրոցների լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը՝ 1 մլրդ 260 մլն դրամ ընդհանուր ծավալով: Այն կուղղվի դպրոցներին որպես լրացուցիչ խրախուսման ֆոնդ՝ ցուցաբերած լավ ցուցանիշների համար։
Նախադպրոցական կրթության ոլորտում պետբյուջեից գումար է հատկացվում որոշ սոցիալական խմբերի
Նախադպրոցական կրթության ոլորտում ծախսային հիմնական ուղղություններն են՝ հասանելիության ապահովում, մանկավարժների վերապատրաստում և տարակարգի համար տրվող հավելավճարներ։ Գոյություն ունեցող պարտավորությունների մասով նախատեսվում է շահառուների թվի աճ, որի նպատակով կհատկացվի լրացուցիչ 5 մլրդ դրամ։ Այս պահին նախադպրոցական ոլորտում պետական բյուջեից ֆինանսավորում է տրվում ԿԱՊԿՈՒ երեխաներին, որոնց թիվը 5 անգամ աճել է նախորդ տարվա համեմատ, գումար է հատկացվում զինծառայողների երեխաների՝ այս ոլորտի կրթությանը, իսկ այս սեպտեմբերից այն կստանան նաև անապահով ընտանիքների երեխաները։ Որպես նոր նախաձեռնություն՝ նախատեսվում է մանկավարժների տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը հատկացնել 61 մլն դրամ։
ՄԿՈՒ ոլորտում կներդրվի կամավոր ատեստավորում
ՄԿՈՒ ոլորտի բյուջետային հատկացումներն այս տարի կազմում են 15 մլրդ դրամ․ հիմնական ծախսային ուղղություններն են՝ ուսանողական նպաստները և կրթաթոշակները, ինչպես նաև ՄԿՈւ բարեփոխումների ծրագրերը։ Գոյություն ունեցող պարտավորությունների մասով ներդրումները կավելանան 1,5 մլրդ դրամով, որից տրասնպորտային ծախսերի փոխհատուցմանը՝ 280 մլն դրամ, կամավոր ատեստավորմանը՝ 345 մլն, իսկ կապիտալ ծախսերին՝ 815 մլն։ Որպես նոր նախաձեռնություններ՝ ոլորտի բովանդակային բարեփոխումներին կուղղվի 3 մլն դրամ, ԱՀՈՒ կրթական ծրագրերի ներդրմանը՝ 110 մլն, տարակարգին՝ 10 մլն, իսկ պետություն-մասնավոր համագործակցությանը՝ 400 մլն։
«Ակադեմիական քաղաք» ծրագրին կհատկացվի 2.1 մլրդ դրամ
Բարձրագույն կրթության ոլորտում որպես նոր նախաձեռնություն նախատեսվում է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որին կհատկացվի 2.1 մլրդ դրամ, որը հետագայում աստիճանաբար կմեծանա: Այս ոլորտում ևս գործող ծրագրերի ծախսերը հիմնականում ուղղված են ուսանողական նպաստներին և կրթաթոշակներին, ուսանողներին տրամադրվող ծառայություններին։ Շահառուների շրջանակի ընդլայնմանը և կապիտալ ներդրումներին կհատկացվի շուրջ 1․1 մլրդ դրամ:
Կրթության այլ ծրագրերով որպես նոր նախաձեռնություն նախատեսվում է 70 մլն դրամ հատկացնել հայերենի իմացության թեստի մշակման աշխատանքներին, իսկ գործող ծրագրերից ռազմամարզական ճամբարներին՝ 1,6 մլրդ, ՏՀՏ-ին՝ 70 մլն, Սփյուռքի հետ կապերի և միջազգային համագործակցության ընդլայնմանը՝ 500 մլն, արտադպրոցական հաստատությունների աշխատողների կամավոր ատեստավորմանը՝ 1,4 մլրդ:
Մոտ 14 մլրդ դրամի հայտ՝ գիտական սարքերի ձեռքբերման նպատակով
Գիտության ոլորտում հիմնական ծախսային ծրագրերն ուղղված են գիտական ենթակառուցվածքի արդիականացմանը, գիտական թեմատիկ և նպատակային հետազոտություններին, գիտաշխատողների հավելավճարներին և գիտական գրականության հրատարակմանը։ 2025 թվականի համար ներկայացվել է հավելյալ մոտ 14 մլրդ դրամի հայտ՝ ժամանակակից և թանկարժեք սարքերի ձեռքբերման, ինչպես նաև գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման համար։
5 մլրդ դրամ կուղղվի մշակույթի գործիչների խրախուսմանը և այլ ծրագրերի
Մշակույթի ոլորտում բյուջետային հիմնական ծրագրերն են՝ արվեստ, կինեմատոգրաֆիա, մշակութային ժառանգություն, գրահրատարակչություն, մարզերի մշակութային զարգացում և գեղագիտական կրթություն։ Որպես նոր նախաձեռնություններ՝ շուրջ 5 մլրդ դրամ կուղղվի մշակույթի գործիչների դրամական խրախուսմանը, համայնքային մշակութային-ժամանցային կենտրոնի ստեղծմանը, էլեկտրոնային հարթակի ներդրմանը և կինոարտադրության ներդրումների վերադարձի ծրագրին: Գործող ծրագրերի ընդլայնմանը կհատկացվի շուրջ 3 մլրդ դրամ, որը կուղղվի ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը և տեղեկատվական մոդուլային կենտրոնների ստեղծման աշխատանքներին։ Նորաստեղծ Մշակույթի զարգացման հիմնադրամին կտրամադրվի 340 մլն դրամ, իսկ հուշարձանների վերականգնման ծախսերը՝ 1․8 մլրդից կավելանան 330 մլն դրամով:
Սպորտի ոլորտի ֆինանսավորումը կավելանա
Սպորտի ոլորտում այս տարվա 7,5 մլրդ դրամին կավելանա ևս 1,5 մլրդ, որը կուղղվի գործող ծրագրերին՝ մրցաշարերի ընդլայնմանը, անվանական թոշակ ստացողների թվի աճին, գույքի ձեռքբերմանը և մասսայական սպորտային միջոցառումներին, այդ թվում՝ «Վարչապետի գավաթ» մրցաշարերի մասնակիցների աճին: Որպես նոր նախաձեռնություններ՝ շուրջ 5 մլրդ ֆինանսավորում կհատկացվի հետևյալ ծրագրերին՝ միջազգային մրցաշարերի անցկացում և մասնակցություն, կարողությունների զարգացում, առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության խրախուսում, կապիտալ ներդրումներ:
Երիտասարդության ծրագիրն ուղղված է պետական քաղաքականության շրջանակում ծրագրերին և միջոցառումներին, տարվա երիտասարդական մայրաքաղաք միջոցառմանը, երիտասարդ ընտանիքներին աջակցությանը և երիտասարդական կենտրոնների ստեղծմանը։ Երիտասարդական ոլորտում այս տարվա 2,3 մլրդ դրամին կավելանա 387 մլն, որը հիմնականում կուղղվի 8 երիտասարդական կենտրոնների ստեղծմանը և երիտասարդ ընտանիքների աջակցությանը։
Ոլորտային հատկացումների շարունակական աճ է գրանցվում
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մի քանի տարի շարունակական աճ է գրանցվում ԿԳՄՍ ոլորտների բյուջետային հատկացումների մասով, որը ցույց է տալիս Կառավարության՝ այս ոլորտների շարունակական արժևորումը և առաջնահերթությունը։ Ընդ որում, ըստ նախարարի, համաշխարհային միտումներով համավարակից հետո երկրների մեծ մասում կրթության բյուջեն կրճատվել է, որը մեր երկրում տեղի չի ունեցել՝ չնայած բազում մարտահրավերներին։
Հարցեր զեկուցողներին
Զեկուցումներից հետո հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, ինչպես նաև հիմնական զեկուցողներին։ Մասնավորապես՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին հետաքրքրել են դպրոցական գրադարանների համալրման և մշակութային գործիչների խրախուսման ծրագրերը, իսկ Եզդիների ազգային միության ներկայացուցիչ Հասան Թամոյանին՝ երիտասարդ ընտանիքի աջակցության և վաղ ամուսնությունների կանխարգելման հարցերը։
ՀՄԿ վերապատրաստող-մենթոր Խորեն Ոսկանյանն անդրադարձել է երիտասարդական ներկայացուցչական մարմնի կառավարման, տրանսպորտային ծախսերի փոխհատուցման և դպրոցաշինության ծրագրերին, իսկ «Համաչափ զարգացման երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Սարգիս Մովսիսյանը՝ ՏԻՄ-երի պարտավորությունների և երիտկենտրոնների հետ համագործակցության, դրամաշնորհների տրամադրման և երիտասարդ աշխատողի վերաբերյալ հարցերին։
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Գրիգոր Երիցյանն արձանագրել է, որ օրենքի նախագծի շուրջ քննարկումները բավականին մասնակցային են, որոնք ներառում են նաև երիտասարդական կազմակերպություններին։ Նրա խոսքով՝ նախատեսվում է 500 երիտասարդի մասնակցությամբ շուրջ 50 հանրային քննարկում ունենալ նախագծի շուրջ։ Նա նաև անդրադարձել է ՏԻՄ-երի՝ երիտասարդական ծրագրերին տրամադրվող բյուջետային հատկացումների և երիտասարդության ազգային ինդեքսի հարցերին։
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ Էռնեստ Ավանեսովին հետաքրքրել են սպորտի ոլորտի հատկացումները և մարզային դպրոցներին մարզագույքի տրամադրման խնդիրները, իսկ ԳԹԿ ներկայացուցիչ Արամ Ծատուրյանին՝ դպրոցական գրադարանների համալրման հարցերը։
«Կանանց, երիտասարդների և կրթության հզորացման» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Ենգիբարյանն անդրադարձել է երիտասարդ մանկավարժների համար մատչելի բնակարանների ապահովման հնարավորությանը, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչ Մխիթար Գասպարյանը՝ երիտասարդական ոչ ֆորմալ կրթական ծրագրերին, իսկ «Նոր էջից երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Մարատ Ղուկասյանը՝ երիտասարդական կենտրոններին։
Նախարարը և զեկուցողները հանգամանալից և մանրամասն անդրադարձել են բարձրացված բոլոր հարցերին, տվել համապատասխան պարզաբանումներ։
Շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հորդորել է բոլոր առաջարկություններն ու դիտողությունները սահմանված ժամկետներում ներկայացնել նախարարություն, որոնք, ըստ անհրաժեշտության, տեղ կգտնեն լրամշակվող նախագծերում։ «Որպես առաջին հերթին նախարարին կից հասարակական խորհրդի անդամների առաջարկներ՝ մեզ համար դրանք շատ արժեքավոր են»,- ամփոփելով նիստը՝ նշել է Ժաննա Անդրեասյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում