Երևանի քաղաքապետարանը նոր տրոլեյբուսների և 171 նոր ավտոբուսների մասով պայմանագրերի կնքման փուլում է. դրանք տրանսպորտային ցանցի կարևոր մաս պետք է դառնան:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Շատ կարևոր է նաև 18 մետրանոց ավտոբուսների հետագա գնումը, որովհետև գալիք տարի՝ 2025-ին, լրանում է HIGER մակնիշի ավտոբուսների օգտագործման ժամկետը, և այդ ավտոբուսները նույնպես պետք է փոխարինվեն: Շատ լավ են ծառայել այդ ավտոբուսները Երևան քաղաքին, բայց արդեն բարոյապես մաշված են, երևի մոտավորապես պարկի կեսը չունենք:
Ունենք խնդիր նաև մասնավոր գծերի հետ կապված, որոնց ընդհանուր շարժակազմը նույնպես բավականին հին է, և դրանք ունեն փոխարինման կարիք: Եվ այս 250 հատ 18 մետրանոց ավտոբուսներով մենք ամբողջապես փակում ենք մեր տրանսպորտային ցանցի պահանջարկը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ այս տարի Երևան քաղաքում նախատեսվում են նոր ավտոբուսների համար առանձնացված գծերի սահմանում:
«Այս ավտոբուսային գծերի հայտնվելը Երևան քաղաքում էականորեն կրճատելու է մարդկանց տեղաշարժի ժամանակը Երևանով, և սա ապացուցված փաստ է: Իհարկե, անհատ վարորդների համար որոշակի անհարմարություններ են առաջանալու, բայց այն մարդկանց համար, որոնք օգտվելու են տրանսպորտից, նրանք էականորեն շատ ավելի կարճ ժամկետներում են Ա կետից Բ կետ տեղաշարժվելու:
Մեզ պետք է նաև քննարկում հասկանալու համար, թե ավտոբուսային առանձնացված գծերով ի՛նչ այլ տրանսպորտային տեսակներ կարող են երթևեկել, և, մասնավորապես, ենթադրում եմ՝ կարող են լինել հեծանիվները, մոպեդները, միգուցե մոտոցիկլետները, միգուցե ինչ-որ մի փուլում՝ երևանյան տաքսին, որը կարելի է քննարկել, թե նման առանձին ծառայություն ուզո՞ւմ ենք ունենալ, օրինակ՝ էլեկտրաավտոներով առանձին տաքսիներ սպասարկեն Երևան քաղաքում, նրանց նույնպես այդ հնարավորությունը տրվի»,- ասել է նա:
Նա ընդգծել է, որ այդ պրոցեսում չպետք է խախտել մրցակցային տրամաբանությունը, բայց միաժամանակ տաքսիների համար պետք է նոր պահանջներ սահմանել:
Ավինյանը նաև նշել է, որ տրանսպորտային փոփոխությունների ամենակարևոր հատվածը տոմսային համակարգի ներդրումն է լինելու, որը պետք է սեպտեմբերից գործարկվի: Ավագանին իր անելիքն արել է, մնում է տեխնիկական հարցերը լուծվեն:
«Փուլային փոփոխությունը «Երևան ավտոբուսում», այսինքն՝ կանխիկ վճարելուց դեպի անկանխիկ մեթոդ, արդեն իսկ այսօրվանից պետք է սկսվի»,- ասել է Ավինյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում