2022 թվականի հունվար-հունիսին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 5,5% անկում արձանագրած գյուղատնտեսությունը դրանով հիմնականում պարտական է բուսաբուծության ոլորտին: Համաձայն առկա վիճակագրության՝ 2022 թ-ի առաջին կիսամյակում 2021 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ բուսաբուծության ոլորտում ձևավորված համախառն արտադրանքի ծավալները նվազել են 8,8%-ով՝ կազմելով 119,510 մլն դրամ։ Այս պատկերը, անշուշտ, անհանգստացնող է, սակայն պետք է նաև հաշվի առնել, որ 2022 թ․-ի առաջին կիսամյակի մեջ ներառված են նաև առաջին եռամսյակի տվյալները, երբ բերքի առումով դեռևս անկումը մեծ էր՝ հիմնականում պայմանավորված սեզոնային գործոնով:
Բուսաբուծության ոլորտի արդյունքների մասին խոսելիս չի կարելի չանդրադառնալ գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի համախառն բերքի ծավալներին․
Գծապատկեր 1․ Գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի համախառն բերքի ծավալները՝ 2022թվականի առաջին կիսամյակում
Վիճակագրական տվյալների համաձայն՝ պտղի և հատապտղի բերքի ծավալները կազմել են 83 000 տոննա։ Նկատենք, որ 2022 թ․-ի հունվար-հունիսին 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ պտղի և հատապտղի բերքի ծավալներն աճել են 20,1%-ով։ 2022 թ․-ի հունվար-հունիսին 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ պտղի, հատապտղի բերքի 2 անգամ ավելի աճ ապահովվել է Արարատի մարզը, իսկ ամենախորը անկումը՝ 85,2%, դիտվել է Տավուշի մարզում։
Հացահատիկի և հատիկաընդեղենի բերքի ծավալները կազմել են 3 000 տոննա։ Նկատենք, որ 2022 թ․-ի հունվար-հունիսին 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ հացահատիկի և հատիկաընդեղենի բերքի ծավալները նվազել են 76%-ով։ Բերքի առավելագույն աճ՝ մոտ 33%-ով, ապահովել է Լոռու մարզը:
Մյուս բոլոր մարզերում դիտվում է խորը անկում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում