«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջից։
«Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր դիմում եմ ներկայացրել ինձ աշխատանքից ազատելու։
Առաջին հերթին ուզում եմ խորհին շնորհակալությունս հայտնել քաղաքապետին` ինձ վստահելու այս պատասխանատու և ծանր աշխատանքը։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանի ողջ անձնակազմին համագործակցության և բեղմնավոր աշխատանքի համար։ Եվ իհարկե ձեզ, սիրելի երևանցիներ` ամենօրյա ռեժիմով ինձ օգնելու համար։
Այս մեկ շատ դժվար տարվա ընթացքում փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի երևանցիների կյանքը դառնա ավելի հարմարավետ և բարեկեցիկ։
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական աշխատանք։
Հավելեմ, որ մնալու եմ իմ Հայրենիքում և շարունակելու եմ իմ գործունեությունը մասնավոր դաշտում ի շահ իմ հայրենակիցների։
Միշտ պատրաստ եմ լինել իմ քաղաքի և իմ Հայրենիքի կողքին։ Սիրով ձեր Հովհաննես Մանուկյան»,- նշվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Մանուկյանը «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն էր նշանակվել 2023 թվականի ապրիլին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում