Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ կոմիտեի նորանշանակ նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերում ներգրավված շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ:
Քննարկվել են առաջիկայում ավարտին մոտեցող ծրագրերի իրականացման ընթացքը, խոչընդոտներն ու խնդիրների լուծման ուղիները։
Եղիազար Վարդանյանն արձանագրել է գործընկերային փոխադարձ վստահության սկզբունքով աշխատելու կարևորությունը և կոմիտեի պատրաստակամությունը։ Նա հավաստիացրել է, որ կարճ ժամանակում ներկաները կստանան բարձրացրած հարցերի սպառիչ պատասխանները, միաժամանակ շինարարներից պահանջել է աշխատանքները կատարել որակով և ժամանակացույցի համաձայն։
«Կառավարությունը սահմանել է հստակ նպատակ՝ միջոցներ ուղղելով դպրոցների, մանկապարտեզների, մարզադահլիճերի և այլ հաստատությունների կառուցմանը։ Ուստի բոլոր օղակներից պահանջվում է պատշաճ և որակյալ աշխատանք։ Համոզված եղեք, որ որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու։ Թերությունները չշտկելու, սահմանված կանոններով չգործելու դեպքում լինելու է խիստ արձագանք։ Իսկ այն գործընկերները, որոնք կառաջնորդվեն պահանջվող սկզբունքներով և շինարարներին վայել գործելաոճով, կստանան կոմիտեի լիակատար աջակցությունը ոչ միայն այս, այլև ցանկացած այլ ծրագրի շրջանակում»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը։
Հանդիպման մասնակիցներն առկա թերացումները, ժամկետի խախտումները պատճառաբանել են նախագծային փուլի, նախահաշվային արժեքի, մատակարար կազմակերպությունների հետ կապված ամենատարբեր հանգամանքներով։ Ի պատասխան բարձրացված հարցերի՝ կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ փաստարկներով հիմնավորված և փաստաթղթավորված բոլոր դեպքերում կոմիտեն պատրաստ է աջակցել օրենսդրության շրջանակում հարցերի շուտափույթ կարգավորմանը՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով պետական այլ գերատեսչությունների։ Հանդիպման ընթացքում նաև որոշվել է ստեղծել արագ արձագանքման կապ ծրագրերն իրականացնող շինարարական կազմակերպությունների հետ։
Կոմիտեի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումները լինելու են պարբերական՝ շինարարական ծրագրերից բացի քննարկելու նաև ոլորտի բարեփոխման վերաբերյալ պատկերացումները, մասնավոր հատվածի առաջարկները։
Եղիազար Վարդանյանը հայտնել է կոմիտեի աշխատանքների կազմակերպման և բարելավման հարցում իր վճռականությունը՝ տեղեկացնելով կոմիտեի ներուժն ուժեղացնելու, որոշ ուղղություններով մասնագիտական նոր խմբեր ձևավորելու մտադրության մասին։
Նախօրեին Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպում է ունեցել նաև տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հստակեցնելու գործակցության սկզբունքները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում