«Վարկերի ընդլայնումը և փող տպելը շատ բան չեն տալիս սովորական մարդկանց: Դա հանգեցնում է ակտիվների, անշարժ գույքի և բաժնետոմսերի շուկաների աճին: Այսպիսով, բարեկեցիկ մարդիկ միայն է՛լ ավելի մեծ հաջողություններ են արձանագրել»,- Մարկ Ֆաբեր։
Մարկ Ֆաբերը շվեյցարական ծագմամբ հայտնի համաշխարհային թոփ ներդրող է, միլիարդատեր, տնտեսագիտության դոկտոր, ֆինանսիստ-վերլուծաբան, հրապարակախոս է։
Ինչ խոսք, չի կարելի չհամաձայնել Մարկ Ֆաբերի տեսակետի հետ։ Ամեն անգամ, երբ կառավարությունները մտածում են փող տպելով տնտեսություն պահելու մասին, պետք է շատ լավ կշռշռադատեն իրենց քայլերը։ Հակառակ դեպքում տնտեսությունը կհայտնվի էլ ավելի ուժեղ լճացման եզրին՝ հանգեցնելով սոցիալական լուրջ դիմադրության։
Չնայած տնտեսագետների այս խորհուրդներին՝ շատ երկրներ դիմում են փողի մեխանիկական տպման քաղաքականությանը։
2023թ. փող տպող տնտեսությունների ցանկին կարող ենք ծանոթանալ ստորև․
Այս ցուցակը ուշադիր ուսումնասիրելու դեպքում նկատում ենք, որ այստեղ չկան ԵՄ անդամ պետությունները, G7-ի երկրները, G20-ի առանցքային մի շարք պետություններ, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը։
Ցուցակում միջուկային գերտերություններից ներառված է միայն Ռուսաստանը։ ԵԱՏՄ խոշոր տնտեսությունը 2023թ. 2022թ. համեմատ ավելացրել է փողի առաջարկը շուրջ 22%-ով՝ փորձելով փրկել տնտեսությունը Արևմուտքի անհամար պատժամիջոցներից։
Այս ցուցակում ներառված երկրներից յուրաքանչուրը յուրովի գտնվում է բարդ շրջանում։ Օրինակ, Զիմբաբվեն 2023թ. 2022թ. համեմատ փողի առաջարկը ավելացրել է 709%-ով։ Աֆրիկյան այս պետությունը տարիներ շարունակ պայքար է տանում կայծակնային գնաճի դեմ, սակայն որևէ կերպ չի հաջողվում կայունացնել տնտեսությունը։
Ամեն անգամ տնտեսությունը փողով ապահովելու համար ոչ թե իրականացվում են իրական ռեֆորմներ, այլ դիմում են փող տպելու վտանգավոր հնարքին։
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Արգենտինան։ Վերջինիս տնտեսությունը ևս գտնվում է անմխիթար վիճակում։ Իրավիճակը էլ ավելի է սրվելու երկրի նոր նախագահի օրոք։ Վերջինս խիստ պոպուլիստական քաղաքականություն է վարում՝ հարցականի տակ դնելով միլիոնավոր արգենտինացիների բարեկեցությունը։ Ձախողված քաղաքականությանը օգնության է եկել փող տպելը, որի արդյունքում 2023թ-ին 2022թ-ի համեմատ փողի առաջարկը աճել է 156%-ով։
Երրորդ տեղում է հայտնվել Թուրքիան, որտեղ չափազանց բարձր գնաճի պայմաններում փողի առաջարկը 2023թ. 2022թ. համեմատ ընդլայնվել է 66%-ով։
Փող տպելու գայթակղությունից իրեն չի զրկում նաև Իրանը, որտեղ փողի առաջարկն աճել է 27%-ով։ Ընդ որում՝ Իրանը ևս արևմտյան պատժամիջոցների ներքո է գոյատևում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում