Ահաբեկչության համաշխարհային ինդեքս. Ինչպիսի՞ պատկեր է տարածաշրջանում, ո՞ր դիրքում է Հայաստանը. Ինֆոգրաֆիկա

3 Min Read

Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչությունը մեծ ազդեցություն ունեցավ բոլորիս վրա. Մոսկվայում կատարված ողբերգությունը, որը խլեց բամաթիվ կյանքեր, հանկարծակիի բերեց թե՛ ռուսներին, թե՛ հարևաններին։

Պատճառն այն է, որ ներկայումս տեղի է ունենում ահաբեկչության կենտրոնի տեղաշարժ դեպի Աֆրիկա՝ Մալի, Բուրկինա Ֆասո և այս տարածաշրջանի տարբեր երկրներ։ Ահաբեկչական խմբավորումների համար ներկայումս բավականին արդյունավետ և բեղումնավոր ժամանակահատված է։ Գերտերությունները գլոբալ մարտահրավերների դեմ քայլեր ձեռնարկելու փոխարեն իրենց մասնակցությունն են ունենում Երրորդ աշխարհամարտի «կերտման» գործընթացում։

Ընդ որում՝ ահաբեկչական խմբավորումերի ամրացման ու հզորացման համար պարարտ հող են հանցավորության դեմ պայքարի մասով անհաջողություններն ու բացերը։

Դրա վառ օրինակը Հայիթին է, որտեղ փաստացի իշխանությունը տապալվեց հանցավոր աշխարհի օգնությամբ։



Ահաբեկչության կազմակերպումը, բուն գործողությունն ու ահաբեկչության ավարտը պահանջում են զգալի ներդրումներ, հետևաբար ահաբեկչություններն այսքան հաճախակադեպ չէին լինի, չէին ունենա այսպիսի «համբավ», եթե չլինեին ֆինանսական բուռն շրջանառությունները։

Ահաբեկչությունը բավականին մեծ ազդեցություն է ունեցել Բուրկինա Ֆասոյում՝ 8,57 բալ։ Այս երկրում ահաբեկիչների տնտեսական ուժը հենված է ոսկու հանքերի շահագործման վրա։

Ահաբեկչության ազդեցության հսկայական աճ է դիտվել Իսրայելում, որտեղ գլոբալ ահաբեկչության գլոբալ համաթիվը նախորդ տարվա համեմատ աճել է 2.7 բալով՝ կազմելով 8,14 բալ։ Այս ցուցանիշով Իսրայելը գրավում է երկրորդ հորիզոնականը` զիջելով իր դիրքերը միանգամից 24 միավորով։

Երրորդ տեղում է Մալին՝ մոտ 8 բալ։ Երկրի ներսում չեն դադարում ընդհարումները, որոնց ակտիվորեն մասնակցում են ներքին և արտաքին հանցավոր և ահաբեկչական խմբավորումները։


*Ահաբեկչության գլոբալ համաթիվը տատանվում է 0-10 բալ միջակայքում։ Որքան փաստացի ցուցանիշը մոտենում է 10 բալին, այնքան ահաբեկչության ազդեցությունը երկրի վրա մեծանում է, ճիշտ է նաև հակառակը։


Անկասկած, զարմանք կառաջացնեն այն վիճակագրական տվյալները, որոնք վերաբերում են մեզ, մեր հարևաններին, ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրներին․

Այս ամենում մեզ համար ամենացավալի փաստն այն է, որ գլոբալ ահաբեկչության համաթվով մտահոգիչ  իրավիճակ է նաև Հայաստանում։ Հարավային Կովկասում միակ երկիրն ենք, որ նախորդ տարվա համեմատ գլոբալ ահաբեկչության համաթվի աճ ենք արձանագրել միանգամից 0,42 բալով, որի արդյունքում հաստատվել ենք 76-րդ հորիզոնականում՝ զիջելով մեր դիրքերը 18 միավորով։

Հայաստանի հետ նույն ճանապարհին է նաև Ուզբեկստանը՝ 0,42 բալ։ Սակայն,Ուզբեկստանում ոչ թե աճ է դիտվել ցուցանիշի մասով, այլև ընդհակառակը անկում 1,31 բալով, որի արդյունքում երկիրը բարելավել է իր դիրքերը 4 միավորով։ Իրանում և Թուրքիայում, որտեղ ահաբեկչական խմբավորումների գործունեությունը զարմանք չի հարուցում, ևս արձանագրել են ցուցանիշի անկումներ համապատասխանաբար 1,23 և 1,43 բալերով։ Ահաբեկչության ազդեցությունը նկարագրող համաթվի ամենամեծ անկումը դիտվել է Տաջիկստանում՝ 2,56 բալով՝ արդյունքում երկիրը բարելավել է իր դիրքերը 16 միավորով։ Ռուսաստանում դիտվել է ահաբեկչության համաթվի անկում 0,74 բալով։ 

Նկատենք, որ ցուցակում չկան Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանը, քանի որ թվարկված երկրներում ահաբեկչության ազդեցության աստիճանը մոտ է զրոյի։

  • Այսպիսով, հարց. երբ իշխանությունները խոսում են նախկին անվտանգային համակարգից նոր համակարգին անցում կատարելու մասին, արդյո՞ք արդեն առկա է այդ նոր համակարգը։ Խնդիրն այն է, որ եթե հնից հրաժարվենք, իսկ նոր համակարգն այդպես էլ չգործի, իրավիճակից անմիջապես կօգտվեն ահաբեկչական խմբավորումներն ու հանցավոր էլեմենտները։ Իսկ հետևանքներն, անշուշտ, անդառնալի կարող են լինել։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով