ԱՄՆ-ի դատարանը Twitter-ին պարտավորեցրել է կեղծ հաշիվների մասին տեղեկատվություն տրամադրել Մասկին

1 Min Read

Դելավեր նահանգի դատարանը Twitter-ին պարտավորեցրել է ձեռնարկատեր Իլոն Մասկին լրացուցիչ տեղեկություններ տրամադրել իր սոցցանցում կեղծ հաշիվների մասին։ Այս մասին հինգշաբթի հայտնել է The Washington Post-ը։

Նշվում է, որ դատավոր Քեյթլին Մակքորմիկը որոշել է, որ ընկերությունը պետք է ձեռնարկատիրոջը տրամադրի այն ինը հազար աքաունթների տվյալները, որոնք Մասկը և նրա ներկայացուցիչները նախկինում ընտրել էին կեղծ հաշիվների հետ կապված աուդիտի համար։

«Մենք անհամբեր սպասում ենք այն տվյալների գնահատմանը, որոնք Twitter-ը երկար ամիսներ թաքցնում էր մեզանից»,- պարբերականը մեջբերում է Մասկի ներկայացուցչի խոսքերը։

Ապրիլին Twitter-ի ղեկավարությունը հայտնել էր, որ Մասկն առաջարկել է միկրոբլոգների ցանցը ձեռք բերել 44 մլրդ դոլարով, սակայն մայիսին գործարարը հայտարարել էր, որ փորձում է տեղեկատվություն ստանալ Twitter-ում բոտերի և սպամ հաշիվների իրական քանակի մասին, որը գործարարի կարծիքով սոցցանցը պակաս է ներկայացնում:

Նշենք, որ հուլիսի սկզբին Իլոն Մասկի փաստաբանները Twitter-ին տեղեկացրել էին, որ նա հրաժարվում է գնումից։ Հուլիսի 12-ին ընկերությունը դիմել էր դատարան․ գործով պատասխանողներ են համարվում գործարարն ու նրա X Holdings ընկերությունը։ Իսկ արդեն հուլիսի 29-ին Մասկը Դելավերի դատարան էր ներկայացրել հակընդդեմ հայց Twitter-ի դեմ։

Կիսվեք այս հոդվածով