Տերտերյանը կարևորել է գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների հզորացումը

1 Min Read

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային տնօրեն Ֆանի Դելպեի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել ՏԿԵ նախարարության և ԶՖԳ-ի միջև համագործակցության կարևորությունը։

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ Վաչե Տերտերյանը և ՀՀ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի ներկայացուցիչները խոսել են ԶՖԳ-ի հետ ջրային ոլորտում իրականացվող ծրագրերից:

Նախարարի տեղակալը ներկայացրել է Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման, Արարատի և Արմավիրի մարզերում «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում» ծրագրերի մանրամասները:

Տերտերյանը խոսել է նաև ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի (WISE) և այդ ծրագրի գնահատման համատեքստում Սյունիքի մարզի համալիր զարգացմանն աջակցելու հնարավորություններից, ջրային ռեսուրսների ազգային քաղաքականության և պլանավորման հզորությունից, ոռոգման համակարգի կառավարման և ծառայությունների մատուցման բարելավումից:

Տերտերյանը կարևորել է նաև գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ինստիտուցիոնալ հզորացումը և կարողությունների զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հանրային ներդրումների կառավարմանն ուղղված ԶՖԳ-ի տեխնիկական աջակցության ընթացքի վերաբերյալ հարցեր:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով