ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է մոր և որդու կողմից խարդախություն կատարելու բազմադրվագ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված քննչական և վարութային գործողություններով պարզվել է խարդախության կատարման մեխանիզմը, ինչպես նաև տուժողների շրջանակը և վերջիններիս հասցված նյութական վնասի չափը:
Քրեական վարույթով ձեռնարկված ապացուցողական գործողություններով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզի 52-ամյա բնակչուհին, ով իր հանցավոր գործունեությանը ներգրավել է նաև իր 29-ամյա որդուն, 2019-2020 թթ. ընթացքում իրենց ծանոթներից և բարեկամներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Մասնավորապես, մայր ու որդի, չարաշահելով իրենց առանձին ծանոթների, բարեկամների, գործընկերների վստահությունը, տարբեր պատճառաբանություններով ու պատրվակներով նրանցից ստացել են անձնագրային, բանկային քարտի տվյալները և առանց նրանց գիտության և համաձայնության օգտագործելով դրանք՝ մի շարք բանկերում և վարկային կազմակերպություններում նրանց անվամբ առցանց եղանակով ձևակերպել են վարկեր՝ 40 հազարից մինչև 500 հազար ՀՀ դրամի չափերով, որից հետո, բանկոմատներում կանխիկացնելով գումարները, խաբեությամբ յուրացրել են դրանք:
Քննության տվյալներով՝ վերջիններիս գործողություններից տուժել է ընդհանուր առմամբ 9 քաղաքացի, որոնց պատճառված ընդհանուր վնասը կազմել է 3․000.090 հազար ՀՀ դրամ:
Նշենք, որ դեռևս 2021թ. դեկտեմբերին նույն անձանց կողմից խմբի կազմում խարդախություն կատարելու ևս 9 դրվագով մեկ այլ գործ ուղարկվել է դատարան:
«Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով՝ 4 դրվագ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասին, իսկ վերջինիս մորը՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 6 դրվագ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել բացակայելու արգելքը: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: