Ֆլորիդայի երկու բնակիչներ մեղավոր են ճանաչվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կրտսեր դստեր՝ Էշլի Բայդենի օրագիրը գողանալու և վաճառելու մեջ։ Այս մասին գրում է ABC News-ը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը։
40-ամյա Էմի Հարիսը և 58-ամյա Ռոբերտ Կուրլենդերը խոստովանել են, որ գողացել են ամերիկացի առաջնորդի դստեր անձնական իրերը։ Նրանք 40 հազար դոլարով վաճառել են նրա օրագիրը Project Veritas ամերիկյան ակտիվիստների խմբին:
Զույգը նաև 100 հազար դոլար է պահանջել ակտիվիստներից՝ այլ գույք տրամադրելու դիմաց։
Զույգը համաձայնել է համագործակցել կառավարության հետ։ Նրանց սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։
Չնայած այն հանգամանքին, որ Էշլի Բայդենի անունը չի նշվում դատական փաստաթղթերում, աղբյուրը հաստատել է, որ դա նրա օրագիրն է, նշում է ABC News-ը։
«Հարիսն ու Կուրլենդերը գողացել են ազգային քաղաքական պաշտոնի թեկնածուի մերձավոր ազգականների անձնական ունեցվածքը», – ասվում է ԱՄՆ դատախազ Դամիան Ուիլյամսի հայտարարության մեջ:
Ձեռագիր էջերը, որոնք իբր վերցված են օրագրից, հրապարակվել են անցյալ տարվա հոկտեմբերին՝ նախագահական ընտրություններից մեկուկես շաբաթ առաջ, National File բլոգում։
Ըստ Project Veritas-ի՝ նրանք օրագիրը ստացել են «միջնորդից», ով դրա իրավունքների մասին բանակցել է անձամբ Էշլի Բայդենի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում