Ֆրանսիական կողմը մանրամասնել է Տավուշի մարզում առաջիկայում ստեղծվելիք պանրագործության դպրոցի մասին

1 Min Read
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է «Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի» (AMRF) նախագահ Բռունո Բեթնոյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Վաչե Տերտերյանը խոսել է հայ-ֆրանսիական բարեկամական լավ հարաբերություններից, հայ և ֆրանսիական համայնքների միջև առկա ամուր կապերից և նշել, որ այս հանդիպումն ավելի կամրապնդի այդ հարաբերությունները և կապերը:
Ֆրանսիական գյուղական համայնքների ասոցիացիայի նախագահը ներկայացրել է Ֆրանսիայում իրենց փորձը՝ համայնքների իրար հետ արդյունավետ համագործակցության հետ կապված, խոսել է համայնքներում առկա առաջնային խնդիրներից, դրանց լուծումների ուղղությամբ տարվող աշխատանքներից:
Բռունո Բենթոն իր խոսքում անդրադարձել է համայնք-ուսումնական հաստատություն կապի կարևորությանը, ինչպես նաև համայնքներում առաջանահերթություն համարվող ճանապարհաշինության, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում տարվող աշխատանքներին:
Ֆրանսիական կողմը մանրամասնել է նաև Տավուշի մարզում առաջիկայում ստեղծվելիք պանրագործության դպրոցի մասին։
Նախարարի տեղակալը ողջունելով ֆրանսիական կողմի նախաձեռնությունները՝ ևս մեկ անգամ կարևորել է երկու երկրների համայնքների միջև առկա փորձի փոխանակումը և նշել դրա շարունակականության ապահովումը։
Հանդիպման ավարտին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և «Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիան» համագործակցության, գյուղատնտեսության, կրթության, տուրիզմի, սոցիալական ապահովության, համայնքային ենթակառուցվածքների, հումանիտար և այլ ոլորտներում երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար կնքեցին մտադրությունների մասին արձանագրություն:

Կիսվեք այս հոդվածով