Gucci-ի սեփականատերը կորցրել է 7,6 միլիարդ դոլարի կապիտալիզացիա. ո՞րն է պատճառը

1 Min Read

Ֆրանսիական Kering ընկերության բաժնետոմսերը, որին պատկանում են Gucci, Yves Saint Laurent, Balenciaga ապրանքանիշերը, 14%-ով նվազել են, ընկերությունը կորցրել է 7,6 մլրդ դոլար կապիտալիզացիա․ գրում է Bloomberg-ը։

Շքեղ ապրանքներ արտադրող Kering-ի բաժնետոմսերը Փարիզի ֆոնդային բորսայում էժանացել են 14%-ով այն բանից հետո, երբ կանխատեսվել էր, որ Gucci-ի վաճառքը 2024 թվականի առաջին եռամսյակում կնվազի մոտ 20%-ով։

Bloomberg-ի գնահատականների համաձայն՝ դրա պատճառով ընկերությունը կորցրել է ավելի քան 7 միլիարդ եվրո կապիտալիզացիա (7,6 միլիարդ դոլար):

Kering-ը փորձում է վերակենդանացնել Gucci-ն, որին բաժին է ընկնում ապրանքանիշների խմբի շահույթի մոտ երկու երրորդը։

Ապրանքանիշի վաճառքները նվազում են, հատկապես ասիական շուկայում, ինչը պայմանավորված է նաև Չինաստանի տնտեսության դանդաղ վերականգնմամբ։ Այդ իսկ պատճառով նման բարձր կարգի ապրանքներ արտադրողներն ավելի մեծ կախվածության մեջ են հայտնվել ԱՄՆ-ից։

Կիսվեք այս հոդվածով