Մեր երկրի էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը ստացվում է միջուկային էներգիայից. Փաշինյան

5 Min Read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին:

Միջոցառմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դը Քրուն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆեն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, մի շարք երկրների նախագահներ, վարչապետներ և ներկայացուցիչներ:

Գագաթնաժողովին վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Վարչապետ Դը Քրու,

Գլխավոր տնօրեն Գրոսի,

Գերազանցություններ, տիկնայք և պարոնայք,

Ես իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Գլխավոր տնօրեն Գրոսիին՝ Միջուկային էներգետիկայի այս անդրանիկ գագաթնաժողովը հրավիրելու համար, և վարչապետ Դը Քրուին՝ այս կարևոր հավաքը մեծահոգաբար հյուրընկալելու համար։

Հայաստանը, որպես միջուկային էներգիայի արտադրությանն ապավինող պետություն, ամուր կանգնած է այն կոնսենսուսի հետևում, որ միջուկային էներգիան անփոխարինելի է կլիմայի փոփոխության դեմ մեր պայքարում և ճանաչում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր մասնակից պետությունների անօտարելի իրավունքը՝ զարգացնել այն խաղաղ նպատակներով՝ առանց խտրականության և քաղաքական խոչընդոտների։

Ահա թե ինչու Հայաստանն այն 22 երկրների թվում էր, որոնք լիովին աջակցեցին «Միջուկային էներգիայի մասին ատոմային էներգիայի միջազգային գործակալության հայտարարությանը» 2023 թվականի դեկտեմբերին Դուբայում տեղի ունեցած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսում (COP28): Մենք նաև հպարտությամբ միացել ենք COP28-ում ընդունված պատմական որոշմանը, որը ցածր ածխածնային էներգիայի այլ աղբյուրների հետ մեկտեղ միջուկային էներգիան ճանաչեց որպես կլիմայի փոփոխության լուծումներից մեկը:

Միջուկային էներգիան մեր ռազմավարության անկյունաքարն է, որն ապահովում է ինչպես մեր երկրի էներգետիկ անվտանգությունը, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմացումը: Մենք ողջունում ենք գլխավոր տնօրեն Գրոսիի ջանքերը՝ միջուկային էներգիան կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված բարձր մակարդակի քննարկումների առաջին պլան մղելու համար:

Հայաստանի համար միջուկային էներգիան կարևոր դեր է խաղում և օգնում է Փարիզի համաձայնագրով Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրագործմանը։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի ատոմակայանը ծառայել է որպես մեր էներգետիկ համակարգի կարևորագույն տարր՝ ապահովելով էներգիայի արտադրության կայունությունը։ Ներկայումս մեր երկրի էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը ստացվում է միջուկային էներգիայից։ Այդ կետին հասնելու մեր ճանապարհը փշոտ էր, որի գագաթնակետն էր ատոմակայանի փակման դրամատիկ շրջանը։ Այսօր մենք հպարտությամբ կարող ենք փաստել, որ ի թիվս այլ կարևոր բաների, այն նաև խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը։

Այնուամենայնիվ, այս կարևոր դերը ենթադրում է նաև մեծ պատասխանատվություն: Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ միջուկային անվտանգությունն ապահովելու գործում որդեգրելով ակտիվ դիրքորոշում, միաժամանակ կատարելով իր բոլոր պարտավորությունները։ Մենք պարբերաբար հյուրընկալում ենք փորձագիտական առաքելություններ, որոնց հաշվետվությունները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանն էլեկտրակայանը շահագործում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության չափանիշներին համապատասխան: Մեր ատոմակայանի գործունեության ողջ պատմության ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության որևէ միջադեպի բացակայությունը խոսում է այս գործին մեր անսասան նվիրվածության մասին:

Այս ձեռքբերումը Հայաստանի քաղաքական կամքի և փորձագիտական հմտությունների վկայությունն է: Մենք նաև երախտագիտություն ենք հայտնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և գործընկեր երկրների կողմից տրամադրվող անփոխարինելի տեխնիկական աջակցության, գիտելիքների ու ցուցումների համար, որոնք կարևոր դեր են ունեցել մեր ԱԷԿ-ի անվտանգ և հուսալի շահագործման երաշխավորման գործում:

Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար ՀԱԷԿ-ի երկարացված շահագործման ժամկետի ավարտից հետո, ինչը մեր վերջնական նպատակն է։ Այս առումով Հայաստանը հանձնառու է ինչպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, այնպես էլ գործընկեր երկրների հետ սերտ համագործակցության խթանմանը և փորձի կիրառմանը՝ ներկայիս էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար: Ատոմային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման մեր թափանցիկ ու բաց քաղաքականությունը կշարունակի առաջնորդել մեր ջանքերը, քանի որ մենք ուսումնասիրում ենք առաջադեմ միջուկային տեխնոլոգիաները` մեր միջուկային էներգետիկայի ոլորտում անվտանգության, արդյունավետության և բնապահպանական հավատարմագրման հետագա լավարկման նպատակով:

Այսօր մենք վերահաստատում ենք մեր հավաքական հանձնառությունը միջուկային էներգիայի ողջ ներուժը իրացնելու և դրա զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հարցում: Ցավոք, ամբողջ աշխարհում շարունակվող հակամարտությունները, ներառյալ մեր տարածաշրջաններում տեղի ունեցած վերջին հակամարտությունները, ոչ միայն վտանգում են միջուկային օբյեկտների անվտանգությունը, այլև խոչընդոտում են խաղաղ միջուկային նախաձեռնությունների առաջխաղացմանը։

Հայաստանը կոչ է անում բոլոր միջազգային գործընկերներին օգտագործել ընթացիկ գագաթնաժողովի պատմական հնարավորությունը և համատեղ ջանքերով առաջ տանել գագաթնաժողովի հռչակագրում ամրագրված պարտավորություններն ու նպատակները՝ ճանապարհ հարթելու դեպի ավելի մաքուր, անվտանգ և կայուն ապագա հետագա սերունդների համար։

Շնորհակալություն»։

Share This Article
Թողնել մեկնաբանություն