Boeing-ը դիտարկում է իր ակտիվներից առնվազն երկուսը վաճառելու հնարավորությունը՝ ընկերության ամենամեծ ճգնաժամի ֆոնին, որն առաջացել է ինքնաթիռների որակի հետ կապված մի շարք սկանդալներից հետո:
Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
Boeing-ի ֆինանսական խորհրդատուներն արդեն կապվել են մի քանի պոտենցիալ գնորդների հետ: Վաճառքի հանված ակտիվները ներառում են Boeing Digital Receiver Technology Inc ստորաբաժանումը, որն արտադրանք է ստեղծում պետական հետախուզության պատվիրատուների համար։
Ավիաարտադրողը նաև քննարկում է հրթիռների արձակման համատեղ ձեռնարկությունում՝ United Launch Alliance-ում, իր բաժնեմասը վաճառելու տարբերակները:
Bloomberg-ի զրուցակիցներից մեկն ասել է, որ ավելի վաղ Boeing-ը դիտարկել է նաև իր դուստր ընկերության ՝ Argon ST-ի վաճառքի հնարավորությունը, սակայն այդ գործընթացը ներկայումս կասեցված է:
Քննարկումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ընկերության դեմ հետաքննություն է սկսվել հունվարի սկզբին տեղի ունեցած Boeing 737 Max 9 ինքնաթիռի վթարից հետո: Այն ժամանակ Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռում մոտ 5 կմ բարձրության վրա թռիչքի ժամանակ պոկվել է վթարային ելքի դուռը։ Ինքնաթիռը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել, սակայն կասկածների տեղիք տվող որոշ հարցեր են ծագել օդանավի որակի վերաբերյալ։
Այս ֆոնին ընկերության բաժնետոմսերը սկսել են անկում ապրել՝ մեկ ամսում կորցնելով իրենց արժեքի գրեթե մեկ երրորդը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում