25-ամյա Լուսինեն լսողության խնդիրներ ունի։ Փոքր տարիքում է խնդիրը հայտնաբերվել, լսողական սարքեր երբեք չի կրել։ Ասում է՝ ընտանիքը գումար չուներ։
«Լսողության սարքերը մեզ համար մեծ գումար արժեին։ Չէինք կարողանում գնել։ Բժիշկն ասում էր՝ եթե չկրեմ, ավելի կխորանա, ու այդպես էլ եղավ։ Հիմա լսողությունս ավելի է թուլացել»,- պատմում է Լուսինեն։
Նախարարության կողմից աջակցող սարքերի տրամադրման մասին չէր լսել։ Միայն վերջերս է իմացել ու դիմել դրանք ձեռք բերելու համար։ Նախարարությունից լսողության սարքեր տրամադրող մի քանի ընկերության մասին է իմացել ու ընտրել առաջարկված տարբերակներից մեկը։
«Վերցրի, բայց չեմ կարողանում կրել։ Խանգարում է ինձ, անհարմար է, քրտնեցնում է, նաև խշշոց է գալիս»,- պատմում է Լուսինեն։
Աջակցող միջոցների տրամադրումը նախկինում կազմակերպվում էր պետական գնումների շրջանակներում: Հավաստագրային համակարգի անցումից հետո շահառուին տրամադրվում է հավաստագիր, որով նա ոլորտում գործող ցանկացած կազմակերպությունից կարող է ձեռք բերել իր աջակցող միջոցը։
Հավաստագրի հետ շահառուին հայտնում են միայն կազմակերպությունների կոնտակտային տվյալները, ինչը թույլ չի տալիս շահառուներին համեմատական վերլուծության միջոցով կազմակերպությունների միջև ողջամիտ ընտրություն կատարել։
Այս մասին ասվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) ուսումնասիրության մեջ։
Banksnews.am-ի հետ զրույցում ՄՊՀ քաղաքականության մշակման և մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ Հակոբ Մանուկյանը նշում է․ սպառողների շրջանում տեղեկացվածության բաց կա ոլորտում.
«Պետությունը այս պահին փաստացի աջակցող միջոց չի տալիս, դրա փոխարեն տալիս է փոխհատուցման հավաստագիր՝ փաստաթուղթ, որով ֆիքսված է փոխհատուցման ծավալն ու անձի տվյալները։ Այս փաստաթղթին զուգահեռ պետությունը շահառուին տրամադրում է այդ տեսակի աջակցող միջոց տրամադրող տնտեսվարողի հասցեներն ու հեռախոսահամարները՝ ոչ մի այլ տեղեկատվություն։ Փաստացի, սպառողն ունենում է բավականին նեղ շրջանակ տեղեկատվության իր ընտրությունը կատարելու համար։ Ինքը, օրինակ, չգիտի տեխնիկական պահանջները, ներկրման երկիրը, ոչ մի բան պետությունն այդ իմաստով չի հայտնում շահառուին»,- նշում է Մանուկյանը։
Նշվածի արդյունքում պրոթեզների և օրթեզների շուկաներում բացակայում է գնային մրցակցությունը. առկա է կենտրոնացվածության բարձր մակարդակ:
«Օրինակ՝ եթե հստակ ֆիքսված է 300 հազար դրամ փոխհատուցման ծավալ, շահառուն պետք է 1 ամսվա կտրվածքով էդ ծավալի աջակցող միջոցի ձեռքբերում անի։ Եթե շահառուն 300 հազար դրամ փոխհատուցման դեպքում աջակցող միջոցը ձեռք է բերել 250 հազար դրամով, մնացած 50 հազար դրամը վերադառնում է պետական բյուջե։ Փաստացի ստեղծվում է իրավիճակ, երբ շահառուն այդ 50 հազար դրամը դիտարկելու է որպես կորսված հնարավորություն և փորձելու է գնալ մաքսիմալ գնով աջակցող միջոց ձեռք բերելուն։ Ու այստեղից մեզ մոտ գալիս է ոլորտի հետ կապված հիմնական խնդիրը․ գնային մրցակցության բացակայությունը։ Այսինքն՝ եթե, օրինակ, 300 հազար դրամ փոխհատուցման ծավալով աջակցող միջոցն իրացնող տնտեսվարողը որոշի այդ աջակցող միջոցը իրացնել 255 հազար դրամով, իր մոտ ոչ մեկն այդ աջակցող միջոցը չի գնի, որովհետև այն 45 հազար դրամը կդիտի որպես կորսված հնարավորություն։ Բոլորը կգնան 300 հազար դրամ արժողությամբը կգնեն։ Փաստացի տնտեսվարողը 300 հազար դրամի վրա էլ կանգնում է։ Որովհետև այլընտրանքի դեպքում իրենք կորցնում են ամբողջ շուկան»,- նշում է ՄՊՀ ներկայացուցիչը։
Կան խնդիրներ նաև պետության կողմից այդ աջակցող միջոցների փոխհատուցման չափերի գնահատման մեխանիզմների հետ կապված։
«Պետությունն այս պահի դրությամբ սահմանել էր ընդհանուր մեխանիզմ։ Այսինքն՝ առաջ գործում էր գնառաջարկների մեխանիզմը, որ տնտեսվարողը ստանում էր տնտեսվարողի գնառաջարկն ինչ-որ բացվածքով, հիմա փոխհատուցման ծավալների հիման վրա պետությունը փորձում է գտնել նվազագույն գինը, բայց այստեղ պետք է ֆիքսենք մի հանգամանք, որ եթե գործընթացի մեջ դուք լիցենզավորում եք ընկերություններին ու անցկացնում եք մրցույթ միայն գնի որոշման համար՝ չտալով այս մարդկանց ոչ մի ունիկալ իրավունք այդ մրցույթը հաղթելու դեպքում, ապա ոչ մեկը մոտիվացված չի լինի ցածր գին ներկայացնելու, որովհետև դրանով ինքը ոչ մի առավելություն մնացած տնտեսվարողների նկատմամբ չի ստանում։ Արդյունքում այստեղ էլ տեղի է ունենում այդ ուռճացման պրոցեսը»,- նշում է Մանուկյանը։
Նրա խոսքով՝ փաստացի ստացվում է, որ առաջարկի կողմը՝ տնտեսվարողը, զգալիորեն ավելի տեղեկացված է այդ պրոդուկտի մասին, քան պահանջարկի կողմը, ինչը տնտեսագիտության մեջբ կոչվում է տեղեկացվածության անհամաչափություն։
«Պետությունը, եթե փոխհատուցում է 300 հազար դրամ, բայց շուկայում կարող է լինել տնտեսվարող, որի օբյեկտիվ գինը լինի, օրինակ, 350 հազար դրամը, ու մարդը, եթե որպես շահառու որոշի, որ ինքը պատրաստ է 50 հազար դրամ ավելի գումար վճարել օբյեկտիվորեն ավելի լավ պրոդուկտ ձեռք բերելու համար, ինքը կարող է վճարել այդ գումարի տարբերությունն ու վերցնել իր նախընտրած սարքը»,- նշում է ՄՊՀ ներկայացուցիչ Հակոբ Մանուկյանը։
ՄՊՀ-ն մի շարք առաջարկություններ է արել ոլորտում կարգավորման համար։
Առաջինը՝ էլեկտրոնային հարթակի ստեղծումն է։ Երբ մարդը ստանում է հավաստագիր, դրա հետ միասին պետք է ձևավորվի էլեկտրոնային հարթակի անհատական էջը, որի միջոցով մարդը կտեսնի բոլոր հնարավոր տարբերակները՝ միաժամանակ, իրենց գներով, և խորհրդատվական գներով։ Միևնույն ժամանակ, հարթակը պետք է ներկայացնի ոչ միայն ընկերությունների կոնտակտային տվյալներ, այլև այդ արտադրանքի հումքի ներկրման երկիրը, պրոթեզիստի վերաբերյալ տեղեկատվությունը, լինի կարծիքների բլոկ, որտեղ այլ շահառուները կարծիքներ թողնեն այդ արտադրանքի մասին, ինչը կօգնի շահառուին ավելի լիարժեք տեսնել շուկան։
Երկրորդ առաջարկը վերաբերում է գների որոշմանը։ ՄՊՀ ներկայացուցչի խոսքով՝ այս պահին արդեն համագործացում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ․
«Մենք, որպես գների, ինքնարժեքների վերաբերյալ ավելի փորձառու մարմին, տնտեսվարողներից ստանալով այդ գնառաջարկները, օբյեկտիվ գնահատում տանք, թե արդյոք այս սպրանքի ինքնարժեքը իրո՞ք այդքան է, ու դա փոխանցենք նախարարությանը, որ նա իմանա, որոշի գները։ Ու այս գինը ներկայացված կլինի նաև շահառուին։ Շահառուն կարող է տեսնել, որ իրեն առաջարկում են առնել 300 հազար դրամով, բայց հանձնաժողովի կողմից գնահատվում է, որ այդ ապրանքի իրացման օբյեկտիվ գինը 280 հազար դրամ է»։
Մյուս առաջարկը գների տարբերության հետվերադարձի մեխանիզմի չեղարկումն է․
«Եթե շահառուն 250 հազար դրամանոց աջակցող միջոց է ընտրում, այն 50 հազար դրամը պետք է թողնի նրան օգտագործման հետագա ամբողջ ժամանակահատվածում, որ պակասի այդ մարդկանց ռիսկերը հետո փոխելու, վերանորոգելու հետ կապված և շուկայում այս գնային տարբերակվածությունը առաջանա»,- նշում է ՄՊՀ ներկայացուցիչը։
ՄՊՀ-ն նաև առաջարկում է թարմացնել տեխնիկական պահանջները, ինչպես նաև մշակել կրթական ծրագրեր բուհերի հետ, ինչի արդյունքում կլուծվի ոլորտում կադրերի հարցը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում