Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի չափով արտոնյալ վարկ:
««ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծն Ազգային ժողովի նիստին ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ռաֆայել Գևորգյանը:
Նա նշել է, որ վարկը կուղղվի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը:
«Նախաձեռնությունը վերաբերում է մասնավոր հատվածին, այսինքն՝ տրվող գումարները հոսելու են մասնավոր հատված՝ ներդրումներ կատարելով վերականգնվող էներգետիկայի մի քանի ոլորտում: Դրանք կարող են լինել իրավաբանական անձինք, որոնք կկառուցեն արևային կայաններ, կամ ֆիզիկական անձինք, որոնք կկառուցեն փոքր ինքնավար կայաններ իրենց կարիքները հոգալու համար»,- ասել է Գևորգյանը՝ նշելով, որ վարկի մարման ժամկետը 2030 թվականն է:
Ռաֆայել Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ Գերմանիան Հայաստանին այս վարկը տալիս է ոչ թե շուկայական, այլ արտոնյալ պայմաններով: Տոկոսադրույքն արտացոլված չէ համաձայնագրում, բայց, ըստ զեկուցողի, խոսքը 0.9 տոկոսային կետով վարկային պարտավորության մասին է:
«Համեմատության համար նշեմ, որ երբ ԱՄՆ-ը պարտք է ներգրավում, մոտ է 4-5 տոկոսին, այս վարկային միջոցը 1 տոկոսի սահմաններում է: Գումարը սահմանափակ է՝ 12 միլիոն, սակայն սա ի պատասխան այն երևույթի է, երբ Հայաստանը ներառվեց Գերմանիայի արտաքին քաղաքականության «BMZ-2030» ռազմավարության մեջ, և դրան ի պատասխան՝ Գերմանիայի Դաշնային բյուջեից, ոչ թե շուկայական միջոցներից, հատկացվեց այս վարկային միջոցը»,- ասել է նա: