Շրջիկ առևտրին վերաբերող իրավակարգավորումները կկիրառվեն նաև մյուս համայնքներում. նախագիծ

1 Min Read

Երևանում գործող շրջիկ առևտրին վերաբերող իրավակարգավորումները կկիրառվեն նաև մյուս համայնքներում:

Այս մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի նիստին ներկայացրել է ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Վաչե Տերտերյանը հիշեցրել է, որ դեռ անցած տարեսկզբին էին ընդունվել օրենքներ, որոնց շնորհիվ Երևանում կանոնակարգվեց շրջիկ առևտուրը:

«Այն ժամանակ ԱԺ-ի հետ քննարկումներում պայմանավորվեցինք, որ Երևանի փորձը հաշվի առնելով` որոշակի եզրակացություններ անելուց հետո ներկայացնենք նաև փոփոխություններ, համաձայն որոնց՝ այս կանոնակարգումները կտարածվեն նաև ՀՀ մյուս համայնքների վրա: Հիմա մենք, փաստորեն, այդ գործընթացն ենք իրականացրել, և մեր փոփոխություններով բոլոր գործող կարգավորումները կտարածվեն նաև, Երևանից բացի, մյուս համայնքների վրա»,- ասել է նա:

Ըստ Վաչե Տերտերյանի՝ բացառություն կլինի այն պարտադիր պահանջը, որ կար Երևանի պարագայում, այն է՝ շրջիկ առևտրի թույլտվությունները տրամադրել հատուկ կայքէջի միջոցով, թեև այդ մասով աշխատանքներ են իրականացվում:

«Քանի որ բոլոր համայնքներում ունենք էլեկտրոնային թվայնացված ռեսուրսներ և կայքեր և ունենք հնարավորություն՝ այդ կայքերին որոշակի օժանդակություններ տրամադրելու, մենք նաև ամեն ինչ կանենք, որ շատ կարճ ժամանակում համայնքներում այս թույլտվությունները և շրջիկ առևտրի հետ կապված գործառույթներն իրականացվեն էլեկտրոնային հարթակի միջոցով՝ օգտագործելով թվայնացման հնարավորությունները»,– ասել է նախարարի տեղակալը:


Շրջիկ առևտրի մասով Երևանում գործող իրավակարգավորումները կկիրառվեն նաև համայնքներում


 

Կիսվեք այս հոդվածով