Շուրջ 20 000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովում է նախատեսվում. նախագիծ

2 Min Read

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ կա գործող վարկ, որով իրականացնում են ՀՀ-ում 46 սեյսմակայուն դպրոցների շինարարություն, դրամավարկային ոլորտում փոփոխությունների հետևանքով մեզ լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ ծրագիրն ավարտին հասցնելու համար:

«Ծրագիրն օգտակար է, որովհետև բացի այն ֆիզիկական արդյունքից, որ կունենանք 46 սեյսմակայուն դպրոցներ, մենք ձևավորել ենք նոր մշակույթ նաև այս վարկային ծրագրի շրջանակում, մասնավորապես` վերանայել ենք մեր քաղաքաշինության ոլորտի նորմատիվային բազան, և այն հասցրել ենք 9 բալի սեյսմակայունության»,- պարզաբանել է Տերտերյանը:

Նրա խոսքով՝ այս վարկային համաձայնագրով նախատեսվում է ծրագրի ամբողջական իրականացման նպատակով ներգրավել լրացուցիչ ռեսուրսներ Ասիական զարգացման բանկից:

«Դպրոցների կառուցման ավարտը հիմնականում նախատեսվում է մինչև 2026 թվականը»,- ասել է ՏԿԵ նախարարի տեղակալը: 

Նրա խոսքով՝ անվանումը «Սեյսմակայուն դպրոցաշինություն» է, սակայն այն նաև անվտանգային, հակաճգնաժամային լուրջ միջոցառում է դիտվել սկզբից ԱԶԲ-ի հետ աշխատանքներում:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2023 թ. նոյեմբերի 27-ին ստորագրվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը՝ 66 100 000 եվրո արժողությամբ:

Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը առնվազն 46 դպրոցի կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20 000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումն է:

Ծրագրի շրջանակներում մինչ այժմ ավարտվել են 16 դպրոցի կառուցման աշխատանքները: Ներկայումս ընթանում են 20 դպրոցի շինարարական աշխատանքներ: 10 դպրոց գտնվում է նախագծային (ավարտական) աշխատանքերի իրականացման տարբեր փուլերում:

Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել շուրջ 10 700 աշակերտի համար: Մշակվել են նաև տվյալ դպրոցների աղետների ռիսկի կառավարման և տարհանման պլանները:

Տերտերյանը հայտնել է նաև, որ մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքում ծախսվել է ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների շուրջ 80%-ը:

Կիսվեք այս հոդվածով