Ռուսական բանկի հնարավոր մուտքը Հայաստան. Վերլուծություն

2 Min Read

Հայաստանի բանկային համակարգում սկիզբ առած փոփոխությունները շարունակվում են։   Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, երբ Հայաստանն ունի անվտանգային լրջագույն մարտահրավերներ, առավել քան երբևէ,  ֆինանսաբանկային համակարգում կայունությունը պարզապես անհրաժեշտություն է։

Այդուհանդերձ, իրադարձությունները տեղի են ունենում, և պետք է դրան արձագանքել։ Մասնավորապես, այն պարագայում, որ Հայաստանի «թավշյա» իշխանություններն անցել են միջուկային գերտերություն համարվող Ռուսաստանի հետ առճակատման, ՀՀ ֆինանսական համակարգ է փորձում մուտք գործել Սբերբանկը։ 


«Սբերբանկը» պատրաստվում է մուտք գործել Հայաստան


Անշուշտ, ռուսական այս հսկա ֆինանսական կառույցի մուտքը լրջագույն մարտահրավեր կարող է լինել ՀՀ բանկերի համար։

Բանկային համակարգում մրցակցությունը միանշանակ ողջունելի է, քանի որ մրցակցային բարենպաստ պայմաններն առաջին հերթին ձեռնտու են բանկային պրոդուկտներից օգտվողների համար։

Սակայն այս իրավիճակի հետ կապված կա երկու հիմնական մտահոգություն։ Մեկը, ինչպես նշվեց, հայ-ռուսական լարված հարաբերություններն են,  և մյուսը այն, որ Սբերբանկը գտնվում է Հավաքական Արևմուտքի պատժամիջոցների տակ և 2022թ-ի հունիսի 14-ից  անջատված է SWIFT համակարգից։

Արդյո՞ք նման բանկի մուտքը Հայաստան իր մեջ որոշակի ապակայունացնող ռիսկեր չի պարունակում։ Այս հարցի պատասխանը կարծում ենք հուզում է բոլորիս։

Այդուհանդերձ, Սբերբանկի գործունեության 2023թ. ցուցանիշները բավականին տպավորիչ են, և ինչ-որ իմաստով բանկի մուտքը ՀՀ համար դրական ցուցիչ կարող է դառնալ․

Հայաստան կարող է մտնել մի բանկ, որի կանոնադրական կապիտալի 50⁒-ը պատկանում է ՌԴ կառավարությանը։ Բանկը մասնաճյուղեր ունի աշխարհի բազմաթիվ երկրներում։

2022թ. դրությամբ բանկում աշխատակիցների թվաքանակը կազմել է 288,000 մարդ։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ Սբերբանկի ակտիվների և սեփական կապիտալի ծավալները 2023թ. կազմել են համապատասխանաբար ₽53,3 տրլն և ₽6,6 տրլն։

2023թ-ին բանկի մաքուր շահույթը կազմել է ₽1,5 տրլն։

Սբերբանկի շուկայական կապիտալիզացիայի մակարդակը 2024թ-ի հունվարի վերջի դրությամբ կազմել է ₽6 տրլն։

    • Ամփոփելով`փաստենք, որ բանկային համակարգում տեղի ունեցող զարգացումները միանշանակորեն բերելու են զգալի փոփոխություններ, որոնք ճիշտ կառավարելու պարագայում կարելի է ապահովել ՀՀ բանկային համակարգի զարգացման նոր մակադրակ, ինչն էլ իր հերթին անմիջական ազդեցություն է ունենալու ողջ տնտեսության վրա։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով