Բանկերի միությունը ՊԵԿ-ին բանկային գաղտնիքին հասանելիություն տալը չափազանց խնդրահարույց է համարում

3 Min Read

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է, բայց այն դեռ չի վավերացվել։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյան խոսքով՝ այս դեպքում խոսքը հարկային մարմնի՝ էլեկտրոնային համակարգով բանկերից ՀՀ Կենտրոնական բանկի միջոցով հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկություն ստանալու մասին է։ 

Օրենսդրական նախաձեռնությունից արդեն դժգոհություներ ու մտահոգություններ կան։

Բանկերի միությունն այս նախագծի օգտակարությունը չափազանց խնդրահարույց է համարում։ Այս մասին հայտնել են միությունից` Banksnews.amի գրավոր հարցմանն ի պատասխան։

-Արդյո՞ք նախագիծը քննարկվել է Բանկերի միության հետ, և ի՞նչ դիրքորոշում ունի միությունը ընդունված կարգավորումների վերաբերյալ։ 

 -Դեռևս 2022թ-ից շրջանառվող նախագծի վերաբերյալ Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) մշտապես տվել է բացասական կարծիք` հարկային մարմինների կողմից ֆիզիկական անձանց հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմիններին տրամադրելու վերաբերյալ: Չնայած վերջնական ընդունված տարբերակը պարունակում է որոշակի մեղմացումներ շրջանառվող առաջնային տարբերակի համեմատ, առ այն, որ ընդունված փաթեթով տրամադրվելու է ոչ թե անձանց գործարքների վերաբերյալ տեղեկություններ, այլ հաշվի տարեկան շրջանառության վերաբերյալ ամփոփ տեղեկություններ, այնուամենայնիվ, գտնում ենք, որ դրա օգտակարությունը և արդյունավետությունը չափազանց խնդրահարույց է և լուրջ ռիսկեր է առաջացնելու Հարկային մարմին-քաղաքացի հարաբերություններում:

ՀՀ բանկերը ողջունում են Հարկերի հավաքագրման գործիքակազմի կատարելագործումը, սակայն ոչ համատարած տեղեկատվության ստացման եղանակով:

– Կա՞ ռիսկ, որ վերահսկողությունից խուսափելու համար հնարավոր է երկրից որոշ կապիտալ դուրս գա։ Այսինքն՝ քաղաքացիները այլ երկրներում բանկային հաշիվներ բացեն ու, միգուցե, կապիտալը տեղափոխվի օվշորային գոտի։

-Նման ռիսկը չենք բացառում, սակայն այս պահին նման վերլուծություն չկա, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այլ երկրներում հաշվի բացումը կամ չափազանց ծախսատար է, կամ տարբեր հանգամանքներով պայմանավորված երբեմն հնարավոր չէ:

– Բացի ֆիզիկական անձանցից, մասնագետները պնդում են, որ առևտրային գաղտնիքի բացահայտման ռիսկ կա։ Արդյո՞ք այստեղ խնդիր չեք տեսնում տնտեսության ու ներդրումային դաշտի համար։

-Նշված կարգավորմամբ առևտրային գաղտնիքի բացահայտում նախատեսված չէ: Մեր կարծիքով Հարկային մարմինները առանց կատարված փոփոխությունների էլ բավականաչափ տեղեկություններ կարող են ունենալ իրավաբանական անձանց առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ:

Բացի ընդհանուր տվյալներից, ըստ նախագծի, հարկային տեսուչը կարող է ստորագրություն պահանջել քաղաքացուց առավել մանրամասն բանկային տեղեկություններ ստանալու համար, ստորագրությունը չտալու դեպքում էլ կարող է տուգանվել։ Արդյո՞ք այստեղ խնդիր չեք տեսնում` անձնական տվյալների և առևտրային գաղտնիքի պաշտպանության տեսանկյունից։ 

Քաղաքացու կողմից բանկային հաշվի քաղվածքը ստանալու համաձայնություն չտալու դեպքում, ըստ ընդունված օրենքի, հարկային մարմինն այդ տեղեկատվությունը կարող է ստանալ դատարանի որոշման հիման վրա՝ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով