Սպառողն իրավունք ունի պահանջել, որպեսզի ապրանքի օգտագործումն ու պահմանումն անվտանգ լինի իր առողջության համար. ՍԱՏՄ

2 Min Read

Մարտի 15-ը` Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը, ևս մեկ առիթ է կարևորելու ամենատարբեր ոլորտներում սպառողների տեղեկացվածությունն ու առավել պաշտպանվածությունը:

Թեմային անդրադարձել է ՀՀ ՍԱՏՄ-ն:

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սպառողների միջազգայնորեն ամրագրված իրավունքները մշտապես դիտարկել է որպես սպառողների և արտադրողների, վաճառողների միջև ապրանքների վաճառքի ժամանակ ծագող ոչ իրավաչափ հարաբերությունները բացառելու մոտեցումը, մասնավորապես` սպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ ապրանքների ձեռքբերման, ապրանքների և դրանք արտադրողների մասին տեղեկատվության ստացման ապահովումը սննադամթերի հետ կապված գործունեության բոլոր փուլերում:

Արտադրատեսակների բազմազանեցման ժամանակաշրջանում, սպառողն իրավունք ունի պահանջել, որպեսզի ապրանքի օգտագործումը, պահմանումը, փոխադրումը օգտահանման սովորական պայմաններում անվտանգ լինի իր կյանքի և առողջության համար:

Սպառողի կյանքի և առողջության նկատմամբ ապրանքի անվտանգության ապահովման պահանջները պարտադիր են և սահմանվում են օրենսդրությամբ։ Այսինքն, տեխնոլոգիական առաջընթացի և արտադրատեսակների բազմազանեցմանը զուգահեռ, հաղորդակցման, տեղեկատվություն հավաքելը և սպառողին ճիշտ մատուցելը լուրջ ազդեցություն ունի նաև սպառողների կյանքի անվտանգության առումով: Այս առումով՝ կարևոր է դառնում հստակ տեղեկատվության և թափանցիկության միջոցով սպառողներին պատշաճ տեղեկացնելու և պաշտպանելու խնդիրը:

Իսկ սպառողի պաշտպանվածությունն առաջին հերթին տեղեկացվածություն է սեփական իրավունքների մասին: Պատասխանատու, ուշադիր և պահանջատեր սպառողը սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական վերահսկողության ամենամեծ աջակիցն է, և այս առումով մենք մեծ ակնկալիքներ ունենք:

Մեր կողմից իրականացվող տեղեկատվական արշավների նպատակն է ապահովել սպառողների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը և խրախուսել սպառողների պահանջատիրությունը, անհանդուրժողականությունը խախտումների նկատմամբ, ինչպես նաև՝ ամրապնդել վստահությունը պետական կառույցի կողմից իրականացվող վերահսկողության ու դրա արդյունքների նկատմամբ:

Բնական է, որ վերահսկողների համեմատ հարյուրապատիկներով ավել վերահսկման ենթակա օբյեկտների նկատմամբ պետական կառույցի ամբողջ ուժով գերլարված վերահսկողությունը չի կարող ամբողջական լինել առանց պահանջատեր սպառողի աջակցության։ Այսինքն, առանց սպառողի անմիջական աջակցության հնարավոր չէ ապահովել անհրաժեշտ և բավարար վերահսկողություն սննդի շղթայում, ուստի Տեսչական մարմինն ակնկալում է սպառողների առավել ակտիվ ու պահանջատեր դիրքորոշումը՝ ապահովելով ավելի պարզ և մատչելի ենթակառուցվածքներ դրանք ներկայացնելու համար:

Օգտվելով օրվա խորհրդից՝ մեկ անգամ ևս պահանջատեր սպառողներին տեղեկացնում ենք այն կապի միջոցների մասին, որով Դուք կարող եք Ձեր նպաստը բերել պետական վերահսկողությունը առավել նպատակային և արդյունավետ դարձնելու գործին՝ դրանով իսկ բարձրացնելով հանրային առողջության մակարդակը:

ՍԱՏՄ թեժ գիծն է 118

Էլ.փոստ՝ ss**@ss**.am»,- հայտնում են ՍԱՏՄ-ից:

Share This Article
Թողնել մեկնաբանություն