Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացմանն ու կայունության պահպանման:
Զրուցակիցները քննարկել են բարեփոխումները` հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման ուղղություններով:
Ընդգծվել է 2023 թվականի արդյունքներով Հայաստանում գրանցված մակրոտնտեսական դրական ցուցանիշների փաստը և կարևորվել բարեփոխումների շարունակականությունը՝ տնտեսական ակտիվության պահպանման նպատակով:
Վարչապետը շեշտել է, որ ՀՀ կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը բացարձակ առաջնահերթություն է, և այդ ուղղությամբ քայլերն ու բարեփոխումները կրելու են հետևողական բնույթ:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին: Այդ համատեքստում վարչապետը շեշտել է միջազգային հանրության օժանդակության շարունակականության կարևորությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում