Էստոնիան բախվելու է քառորդ դարի ամենամեծ գնաճին

1 Min Read

2022 թվականի արդյունքներով Էստոնիայում սպառողական գները կաճեն 18,5 %-ով, ինչը վերջին 26 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, նշվում է Շվեդական Swedbank բանկի մասնաճյուղի թարմ տնտեսական կանխատեսման մեջ, փոխանցում է Regnum-ը։

«Էներգակիրների գները տարվա առաջին կիսամյակում կազմել են սպառողական գների ինդեքսի ընդհանուր աճի 42%-ը, ինչն ամենամեծ մասնաբաժինն է», – հայտնել Է Swedbank-ի գլխավոր տնտեսագետ Թինու Մերտսինան: Նրա խոսքով՝ Էստոնիան 2022 թվականը սկսել է չափավոր տնտեսական աճով, սակայն տնտեսական իրավիճակն ու հեռանկարները վատացել են:

«Ռուսաստանի հետ առևտուրը զգալիորեն նվազել է։ Թեև դեպի Ռուսաստան արտահանման անկումը Էստոնիայի համար լուրջ խնդիր չէ, քանի որ երկրի կախվածությունն այս շուկայից բավականին համեստ է եղել, բայց արտաքին պահանջարկի համաեվրոպական թուլացումն էլ ավելի կվատթարացնի արտահանման հեռանկարները»,- կարծում է նա։

Չնայած իրական տնտեսական աճի դանդաղմանը, նրա կարճաժամկետ հեռանկարների վատթարացմանը և բիզնես հատվածի նկատմամբ վստահության նվազմանը, Swedbank-ը չի կանխատեսում մեծ և զանգվածային կրճատումներ աշխատաշուկայում, իսկ գործազրկության մակարդակը կաճի միայն չափավոր՝ այս տարվա 6 %-ից մինչև 2023-ի 6,8%-ը։

Swedbank-ի գլխավոր տնտեսագետ Թինու Մերտսինա

Մերտսինայի խոսքով՝ ռեկորդային գնաճը կհանգեցնի տնտեսական աճի թուլացման, ինչն իր հերթին կնվազեցնի ներքին պահանջարկը։ Արդյունքում, նա կանխատեսում է, որ 2023 թվականին էներգակիրների գների աճը նույնպես կդանդաղի։ Ուստի բանկում կարծում է, որ 2023 թվականի վերջին գնաճն Էստոնիայում արդեն կկազմի 7,1%, իսկ 2024 թվականին՝ մինչև 2%։

Կիսվեք այս հոդվածով