Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում

5 Min Read

«Եվրոթերմ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Մարտի 14-ից ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն ձեռք բերելու ընկերության պարտատոմսերը։

«Եվրոթերմ» ՓԲԸ-ն Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակել է 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 50,000 պարտատոմս։ Պարտատոմսերը ներառվել են պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում։ Վերոնշյալ պարտատոմսերով թույլատրվել է հասցեական առևտուրը և Ռեպո գործարքների կնքումը։ Ցուցակված պարտատոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով:

Նշենք, որ «Եվրոթերմ» ՓԲԸ-ի կողմից թողարկված ընդհանուր 500 մլն ՀՀ դրամ արժողությամբ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են։ Տեղաբաշխումն իրականացվել է 2023 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2024 թվականի հունվարի 15-ը ընկած ժամանակահատվածում։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացրել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն։

«Եվրոթերմի պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում նշանակալի քայլ է հայկական ներդրումային շուկայի զարգացման համար։ Հաշվի առնելով պարտատոմսերի հանդեպ աճող հետաքրքրությունը՝ մեր կարծիքով Եվրոթերմի պարտատոմսերի առևտուրը բորսայական հարթակում բավականին ակտիվ կլինի։ Հայաստանի ֆոնդային բորսայի կարևորագույն առաքելություններից մեկն է կապիտալի շուկայի զարգացումը, որի ուղղությամբ բազմաթիվ նախագծեր ենք մշակում և իրականացնում։ Մասնավորապես՝ Բորսան մշտապես կարևորում է նոր գործիքների և արժեթղթերի զարգացումը և աջակցում է բոլոր այն ընկերություններին, որոնք ցանկանում են թողարկում անել՝ դրանով իսկ նպաստելով ՀՀ կապիտալի շուկայի զարգացմանը։ Մենք հորդորում ենք նաև մյուս նմանատիպ ընկերություններին ևս հետևել Եվրոթերմի օրինակին և ընտրել զարգանալու և միջոցներ ներգրավելու այլընտրանքային տարբերակներ», – նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

Կոնվերս բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն ասել է.

«Հայաստանում կապիտալի շուկայի հետագա զարգացումն անհնար է այդ թվում առանց թողարկողների և թողարկումների քանակական և ծավալային աճի, առանց գործընթացում իրական հատվածի ընկերությունների ներառման:

Եվրոթերմի պարտատոմսերի տեղաբաշխումը արդյունավետ համագործակցություն էր ու Բանկի համար նոր հաջողված փորձառություն, ինչի շնորհիվ մեր գործընկեր Եվրոթերմ ընկերությունը հասանելիություն ստացավ ֆինանսների ներգրավման այլընտրանքային տարբերակի: Իսկ պարտատոմսերի տեղաբաշխման ավարտը նախատեսվածից սեղմ ժամկետում ևս մեկ անգամ փաստեց իրական հատվածում գործող վստահելի ընկերությունների պարտատոմսերի նկատմամբ աճող պահանջարկի և այս ոլորտում Կոնվերս Բանկի քայլերի արդյունավետության մասին:

Այսօր պարտատոմսերի թողարկման ու տեղաբաշխման հարցում աջակցում ենք տարբեր փոքր և միջին ընկերությունների՝ նրանց համար ստեղծելով ֆինանսների ներգրավման նոր, այլընտրանքային հնարավորություններ, իսկ հաճախորդներին ընձեռելով ներդրումների նոր հնարավորություններ»:

Եվրոթերմ ընկերության գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանի խոսքով ֆինանսավորման այլընտրանքային հնարավորությունների կիրառման մասին սկսել են մտածել վաղուց, սակայն պարտատոմսեր թողարկել են նախորդ տարի՝ շուկայի ու պոտենցիալ ներդրողների դրական տրամադրվածության պայմաններում:

«Մեր ընկերության պարտատոմսերում մեծ թվով ֆիզիկական անձ ներդրողների առկայությունը վկայում է Եվրոթերմի նկատմամբ վստահության մասին: Այս թողարկման ընթացքում ներգրավված միջոցները հիմնականում ուղղվել են ընկերության շրջանառու միջոցների համալրմանը: Չի բացառվում, որ հետագայում ունենանք ավելի մեծածավալ թողարկումներ կապիտալի համալրման կամ նոր բիզնես գաղափարների իրագործման համար»:

«Եվրոթերմ» ՓԲԸ -ի պարտատոմսերը կարող եք ձեռք բերել բացառապես Հայաստանի Ֆոնդային Բորսայի առևտրային համակարգի միջոցով` մոտենալով Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ցանկացած բանկ կամ ներդրումային ընկերություն, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով պարտատոմսերի ձեռք բերման հայտ:

Նշենք նաև, որ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն առաջին ընկերությունն է, որը մտադիր է դիմել ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսին 6-ին ընդունած՝ «Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրին»։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից և նոր հնարավորություններ է ստեղծում բիզնեսների համար առավել մեծ ծավալով ֆինանսներ ներգրավելու համար, ինչը հնարավորություն է ընձեռում հայկական ֆինանսական շուկա բերել և ներդնել ոլորտի առաջատար լուծումները։

«Եվրոթերմ» ՓԲԸ-ն զբաղվում է գյուղատնտեսությամբ, սննդային ապրանքների վերամշակմամբ և արտադրությամբ, ինչպես նաև նշանակալի դիրք է զբաղեցնում Հայաստանում ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի նախագծման, տեղադրման, սպասարկման և վերանորոգման ոլորտում:

Սննդային ապրանքներն արտադրվում և վաճառվում են «ՆՈՅԱՆ» և «ՄԵՆՔ» ապրանքանիշով, իսկ ջեռուցման համակարգերը՝ «ԵՎՐՈԹԵՐՄ» ապրանքանիշով:

«Եվրոթերմ» ընկերության պարտատոմսերի ցուցակումը օրինակ է ծառայում բազմաթիվ հայկական ընկերությունների համար, որոնք ցանկանում են ցուցակել բաժնետոմսեր կամ պարտատոմսեր և դառնալ ավելի հանրային ու ճանաչելի՝ նպաստելով Հայաստանի կապիտալի շուկայի առաջխաղացմանը, իսկ ներդրումներն ուղղել ընկերության աշխատանքային գործունեության արդիականացմանը և գործունեության աճին:


***Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Կիսվեք այս հոդվածով