ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է որոշման նախագիծ, ըստ որի՝ հատիկաընդեղեն մշակողներին պետությունը գումար կտրամադրի, որպեսզի մշակությունն էլ ավելի ակտիվ թափով զարգանա և, ըստ այդմ, պետությունը պարենային անվտանգության հարցն էլ ավելի լավ լուծի։
Ըստ այդմ, նախատեսվում է, որ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով կտրամադրվի 70․000 դրամ, եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85․000 դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100․000 դրամ, բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110․000 դրամ։
«Ի հեճուկս մտահոգությունների, սա պատճառ չի, որ մենք այս որոշումը չկայացնենք։ Եթե ոչ մի բան չանենք, մեկ է ոչ մի բան չի լինի, նույնիսկ քրեական գործ։ Ի՞նչ պետք է անեք, որ ստանանք բերք, այլ ոչ թե քրեական գործեր »,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ի պատասխան՝ Պապոյանը նշել է, որ գյուղական համայնքի ղեկավարին գյուղացին հայտ է ներկայացնում, ասում է՝ ինչ է ուզում ցանել, ապա պայմանագիր է կնքվում։
«Այստեղ կարևոր է, որ հավաստագրված սերմերով պետք է ցանքն արվի։ Պետք է երևա սերմի գնումը, լաբորատորիաներից պետք է գնվի այդ սերմը։ Հաշվարկված է ամեն ինչ։ Օրինակ, լոբի ցանելու ու վարելու համար մեկ հեկտարի հաշվարկով անհրաժեշտ է 200 հազար դրամ, ու պետությունը դրա համար նախատեսում է տրամադրել 100 հազար դրամ գումար»,- հավելել է նա։
Նախարարն էլ ներկայացրել է ընթացակարգը՝ շեշտելով, որ ցանքսը պետք է արվի միայն հավաստագրված սերմերով, ոչ թե՝ իրենց ուզած։
«Անկեղծ ասած, հիմա մտածում եմ՝ ակնհայտ է, որ քրեական գործեր ստանալու ենք։ Հույս ունեմ՝ լոբի էլ կստանանք, միայն քրեական գործեր չենք ստանա»,- ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով հավաստագրված սերմերի վաճառքին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում