ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի պատգամավորներ Գայանե Եղիազարյանը և Մարիամ Պողոսյանը հանդիպել են «Դիմոքրասի Ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն, «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի ղեկավար Լիզբեթ Զոննեվելդին ու ծրագրի ներկայացուցիչներին:
2023 թվականին մեկնարկած ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորվամբ: Նպատակն է իրավական կարգավորումների, պատշաճ ծառայությունների մատուցման, պետության և հասարակական կազմակերպությունների ակտիվ համագործակցության միջոցով բարելավել խոցելի և մարգինալացված խմբերի կյանքը: 20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը միտված է նաև ճգնաժամային իրավիճակներում մարդկանց սոցիալական պաշտպանությանը:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնաժողովի հետ հետագա համագործակցության ուղղությունները, գործիքակազմը, որով իրավասու հանձնաժողովը կարող է օժանդակել ծրագրի արդյունավետ իրականացմանը:
Ծրագրի առանցքային բաղադրիչներից են Ազգային ժողով-Կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը, գենդերազգայուն օրենսդրության առկայությունը և գենդերազգայուն բյուջետավորումը:
Հերիքնազ Տիգրանյանը մանրամասն ներկայացրել է քաղհասարակության հետ հանձնաժողովի արդյունավետ փոխգործակցության լավագույն փորձը, ինչպես նաև օրենսդրական մակարդակում իրականացվող աշխատանքն ու ոլորտում բարեփոխման առաջնահերթ խնդիրները: Այս համատեքստում կարևորվել է պետության կարիքների գնահատումն ու դրա հիման վրա ՀԿ-ների կողմից փաստահեն հետազոտությունների իրականացումը, ինչն էլ կարող է հետագայում օրենսդրական փոփոխությունների հիմք հանդիսանալ:
Ծրագրի պատասխանատուները հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման, ինչպես նաև գենդերազգայուն օրենսդրության մշակման ու գենդերազգայուն բյուջետավորման գործընթացներում աջակցելու պատրաստակամություն են հայտնել:
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում հանդիպել և քննարկել ընթացակարգային հարցերն ու համագործակցության ձևաչափերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում