Որքան է կազմել ՀՀ այցելած և ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թիվը 2023թ.-ին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Տարիներ շարունակ ՀՀ-ում բարձիթողի վիճակում են եղել հատկապես միջմարզային, միջգյուղական ճանապարհները, ու այսօր էլ հակառակը դժվար է պնդել։ Չի իրականացվել զբոսաշրջային վայրերի պատշաճ կահավորում, ենթակառուցվածքների բարելավում և այլն։

Զբոսաշրջության զարգացման համար Հայաստանն ունի հրաշալի բնակլիմայական պայմաններ, պատմամշակույթային ինքնատիպ վայրեր, որոնք անգամ այս պայմաններում տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ են բերում Հայաստան։

Բացի այդ՝ Հայաստանում պետք է զարգացնել ներքին զբոսաշրջությունը, որտեղ կարելի է հիանալի արդյունքներ գրանցել՝ մասնավոր հատված-պետություն  համակագործակցության պարագայում։


Կառավարությունը մտադիր է Կապանի օդանավակայանը դարձնել միջազգային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ այդ փաստենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վիճակագրական տվյալները 2023թ.-ի համար հետևյալն են՝

  • ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 2,316,666 մարդ,
  • ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակը՝ 1,611,476 մարդ,
  • Ներքին զբոսաշրջիկների թվաքանակը՝ 2,303,610 մարդ։

2023թ-ին 2022թ-ի համեմատ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակն աճել է 39,1%-ով, ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակը՝ 41,5%-ով, իսկ ներքին զբոսաշրջիկների թվաքանակը՝ 19,4%-ով։

Շարունակելով վերլուծությունը՝ ուսումնասիրենք, թե ՀՀ այցելած և ՀՀ -ից մեկնած զբոսաշրջիկները ինչպես են կազմակերպել իրենց ուղևորությունները․

Պարզվում է՝ ՀՀ այցելած զբոսաշրջիկների 68%-ը տեղավորվել է բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն, իսկ 32%-ը՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում։

ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների 1,2%-ը դիմել է զբոսաշրջիկական կազմակերպությունների օգնությանը, իսկ 98,8%-ը՝ փորձել է ինքնուրույն կազմակերպել ուղևորությունը։

Մյուս կողմից, հետաքրքիր է հասկանալ  ՀՀ ժամանած զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածությունը․

 Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ այցելած զբոսաշրջիկների 49,4%-ն ԱՊՀ երկրներից է, 13,1%-ը՝ ԵՄ երկրներից, իսկ 37,5%-ը՝ այլ։

Եվ վերջապես, ուսումնասիրենք ՀՀ ժամանած, ՀՀ-ից մեկնած և ներքին զբոսաշրջիկների բաշխվածությունը՝ ըստ այցելության նպատակների․

Բոլոր դեպքերում զբոսաշրջիկներն այցելություններ են կատարում հանգստի և ժամանցի նպատակով. ՀՀ ժամանած զբոսաշրջիկների 55,4%-ը, ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների՝ 97%-ը, իսկ ներքին զբոսաշրջիկների պարագայում՝ 73,9%-ը։

Շատ են այցելությունները գործնական նպատակով․ ՀՀ ժամանած զբոսաշրջիկների 27,5%-ը և ներքին զբոսաշրջիկների 19,1%-ը։

Բուժման նպատակով այցելությունների առավելագույն մասնաբաժինը՝ 2,5%-ը, պատկանում է ներքին զբոսաշրջիկներին։

TAGGED:
Share This Article