Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ մտադիր է սոցիալական ցանցը դուրս բերել նախնական հրապարակային առաջարկի (IPO)։
Ըստ Դուրովի՝ ներդրողներն ընկերության համար առաջարկել են 30 միլիարդ դոլար, սակայն նա բացառել է, որ կվաճառի հարթակը, քանի դեռ ուսումնասիրում է IPO-ի տարբերակները։
«Գլխավոր պատճառը, թե ինչու մենք սկսեցինք մոնետիզացնել հարթակը, այն է, որ մենք ցանկանում էինք անկախ մնալ»,- նշել է Դուրովը։
Հավելվածի հիմնադիրը հրաժարվել է բացահայտել IPO-ի ժամկետները և անցկացման հնարավոր վայրը, սակայն ասել է, որ Telegram-ն արդեն իսկ ուսումնասիրել է մի քանի տարբերակներ:
Պավել Դուրովը նշել է, որ Դուբայում գործող Telegram-ը դարձել է աշխարհի ամենահայտնի սոցիալական մեդիա հավելվածներից մեկը՝ երկու տարի առաջ գովազդի և պրեմիում բաժանորդագրության ծառայությունները ներկայացնելուց հետո «հարյուր միլիոնավոր դոլարների» եկամուտ ստանալով:
«Մենք հույս ունենք, որ հաջորդ տարի, եթե ոչ այս տարի, շահութաբեր կդառնանք»,— ասել է Դուրովը՝ հավելելով, որ հարթակն ամսական ունի 900 միլիոն ակտիվ օգտատեր՝ 2021 թվականի սկզբի 500 միլիոնի դիմաց:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում