«40 000 + 10 000 դրամ» ծրագիրը մինչև տարվա վերջ կերկարացվի. Փաշինյան

2 Min Read
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար բնակարանային ապահովման ծրագիր իրականացնելու դեպքում հանրության շրջանում կարող է լարում լինել, որովհետև ՀՀ քաղաքացիներն էլ խնդիր ունեն։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով բնակարանային ապահովման ծրագրի մասին` նա ընդգծել է, որ այն հանրային քննարկման փուլում է։ Վերջնական որոշումը կկայացնեն տարբեր կարծիքներ լսելուց և վերլուծելուց հետո։
«Մեր տրամաբանությունը հետևյալն է` եթե այս ծրագիրն անենք միայն ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար, ապա կարող է լարում ստեղծվել հանրության ներսում։ Կան մարդիկ, որոնք նույն խնդիրն ունեն` լինելով ՀՀ քաղաքացի։ Մենք ուզում ենք մի ծրագիր անել, որը հասանելի կլինի նաև ՀՀ քաղաքացիների համար։ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք է ՀՀ քաղաքացիություն ստանան, որովհետև առանց դրա էլ կարող է լարում ստեղծվել։ Մարդիկ կարող են ասել, որ իրենց բնակարան չի տրվում` չնայած իրենց երեխաները ծառայում են ՀՀ բանակում, բայց ինչու պետական բյուջեից աջակցություն ստացող մյուս հայրենակիցների զավակները չպետք է ծառայեն ՀՀ ԶՈւ-ում»,– ասել է վարչապետը։
Անդրադառնալով գնին` նա շեշտել է, որ 3 մլն դրամը դիտարկում են որպես բազային չափ, որի վրա կարող են գործակիցներ լինել։ Փաշինյանը նշել է, որ այդ գործակիցները կարող են տարբեր լինել` այդ թվում բազմազավակ, զոհվածի կամ այլ կարգավիճակ ունեցող ընտանիքների մասով։ Դրանք կարող են կախված լինել նաև բնակավայրերով, օրինակ` 3 ցանկ լինի։
ՀՀ վարչապետը հավելել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից նամակներ է ստանում ու, դրանք ընթերցելով, հասկանում է, որ որոշ հարցերի վերաբերյալ թյուրընկալումներ կան։
Նա վստահեցրել է, որ «40 000 + 10 000 դրամ» ծրագրի մասով խոսակցությունները, թե այն շուտով կավարտվի, ճիշտ չէ։ Նրա խոսքով՝ առնվազն մինչև տարվա վերջ ծրագիրը կերկարացվի, դրանից հետո կմտածեն հետագայի մասին։
Կիսվեք այս հոդվածով