ԵԱՏՄ շրջանակում ընդհանուր շուկաների գործարկումը հավանաբար կհետաձգվի մինչև 2027 թվական

3 Min Read

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը 2024 թվականի ընթացքում իրականացնում է «Հայաստանի Հանրապետության նախագահության տարին ԵԱՏՄ-ում. նախաձեռնողական քաղաքականության նոր ուղղությունները» խորագրով թեմատիկ քննարկումներ՝ անդրադառնալով ոլորտային նախարարությունների կողմից իրականացվող միջոցառումների ծրագրերին ու դրանց արդյունքներին:

Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանձնաժողովի նիստում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջնահերթություններին ու նախաձեռնողական քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշել է, որ այս տարի ընդհանուր շուկաների գործնական կիրառություն չի լինի. նախանշված էր, որ ընդհանուր շուկաները պետք է սկսեին գործել 2025 թվականից, սակայն այս պահին ԵԱՏՄ շրջանակում շրջանառվում է ընդհանուր շուկաների գործարկման հետաձգման որոշումը, և այն հավանաբար կհետաձգվի մինչև 2027 թվական:

Անդրադառնալով գազի ընդհանուր շուկայի գործարկմանը՝ Հակոբ Վարդանյանը նշել է, որ 5-7 հարցերի խմբերի շուրջ չկա կոնսենսուս: Փոխնախարարը կարևորել է գազի ընդհանուր շուկայի գնի ձևավորման սկզբունքային և առանցքային հարցը, երբ բոլորի համար պետք է գործեն նույն պայմանները. ՌԴ-ն և Ղազախստանը դեմ են այդ մոտեցմանը և գտնում են, որ ներքին սպառողների համար սկզբունքների ձևավորումն այլ պետք է լինի:

Խոսելով էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի գործարկման մասին՝ փոխնախարարը նշել է, որ Հայաստանն ամբողջությամբ չի կարող ինտեգրվել այդ շուկային, որովհետև այդ շուկայի հետ չունի ընդհանուր սահման:


Ռուսական գազը շուրջ 8 տարի չի թանկանա, եթե աշխարհաքաղաքական փոփոխություններ չլինեն․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Հակոբ Վարդանյանն անդրադարձել է գազի գնի թանկացման հավանականությանը:

«2019 թվականի հունվարի 1-ին է վերջին անգամ գազի գինը ՀՀ-ում ֆիքսվել: Ամեն տարի այդ քննարկումներն ու անհանգստությունը կա, սակայն դեռևս 5 տարի է ՀՀ-ում գազի գինը կայուն է, եւ, կարծում եմ, հավանականություն կա, որ առնվազն ևս 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական և շուկայական փոփոխություններ աշխարհում տեղի չունենան»,- պարզաբանել է փոխնախարարը:

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը հավաստիացրել է, որ ՀՀ-ն ԵԱՏՄ նախագահության շրջանակում կատարելու է իր բոլոր պարտավորությունները:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն անդրադարձել է ԵԱՏՄ շրջանակում իրականացվող տրանսպորտային քաղաքականությանը՝ նշելով, որ յուրաքանչյուր երեք տարին մեկ ԵԱՏՄ հարթակում մշակվում է ճանապարհային քարտեզ:

Նա տեղեկացրել է, որ եղանակային պայմաններից առաջացող խնդիրները լուծելու նպատակով նոր ճանապարհ է կառուցվում Ստեփանծմինդա-Լարս տանող ճանապարհահատվածում՝ ընդհանուր 22 կմ երկարությամբ: Նախատեսված էր, որ 2024 թվականի ավարտին կշահագործվի ճանապարհը, սակայն որոշ տեխնիկական խնդիրների պատճառով ավտոճանապարհը կշահագործվի 2025 թվականին:

Share This Article