Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի:
Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։
![](https://banksnews.am/wp-content/uploads/2024/05/converse-970x250-c360.webp)
Այսինքն՝ ավտոմատ համակարգի միջոցով Կենտրոնական բանկը Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի ֆիզիկական անձին պատկանող մեկ վավեր հաշվեհամար (անկախ արժույթից), որին էլ կփոխանցվի գումարը։
Միաժամանակ, եթե շահառուն ցանկանում է գումարները փոխանցվեն իր նախընտրած վավեր հաշվեհամարին, ապա կարող է այցելել ՊԵԿ սպասարկման ցանկացած սրահ կամ ներկայացնել այն էլեկտրոնային եղանակով` Էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակի միջոցով:
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց սոցիալական վճարների գումարները վերադարձվում են, եթե մի քանի աղբյուրից ստացված ընդհանուր եկամուտը գերազանցում է ամսական 1 մլն 125 հազար դրամը (նվազագույն ամսական աշխատավարձի՝ 75 հազար դրամի 15-ապատիկը) և (կամ) տարեկան 13 մլն 500 հազար դրամը (նվազագույն ամսական աշխատավարձի 180-ապատիկը)։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում