Չինաստանում էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների մի մասի աշխատանքը կանգնեցված է

1 Min Read

Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանները Սիչուան նահանգում և Չունցին քաղաքում ընդհատվել են էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով, հայտնում են չինական լրատվամիջոցները։ Խափանումները կապված են ռեկորդային բարձր ջերմաստիճանի և սաստիկ երաշտի հետ:

Այսպիսով, էլեկտրական մեքենաների չինական արտադրող Nio Inc․-ն հայտարարել է, որ Չենդու քաղաքի որոշ կայաններ ժամանակավորապես ցանցային խնդիրներ ունեն՝ գերծանրաբեռնվածության և շարունակվող բարձր ջերմաստիճանով պայմանավորված։

Ամերիկյան Tesla-ն անջատել կամ սահմանափակել է ավելի քան 13 կայանների աշխատանքը Չենդուում և Չունցինում։

Teld New Energy-ը, որը շահագործում է Չինաստանում մոտ 300,000 լիցքավորման կայաններ, վարորդներին խնդրել է նախօրոք ստուգել այդ երկու քաղաքների կայանների աշխատանքը, քանի որ տեղական իշխանությունները խնդրել են, որ դրանցից մի քանիսը հանվեն ցանցից: Ընկերությունը հաճախորդներին առաջարկում է նաև արտոնյալ գներ, որոնք կգործեն ուշ գիշերն ու վաղ առավոտյան, երբ էլեկտրաէներգիայի պահանջարկն ավելի ցածր է:

Երկրի կենտրոնական հատվածի էներգամատակարարման հետ կապված խնդիրները դժվարությունների են ստեղծել նաև Toyota Motor Corp-ի և Contemporary Amperex Technology Co.-ի համար, որն աշխարհում մարտկոցների ամենամեծ արտադրողն է։ Վերջիններս անգամ ստիպված եղան փակել մի շարք արտադրամասեր։

Կիսվեք այս հոդվածով