Շուրջ 19 մլն դրամի փողերի լվացման քրգործի վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան

3 Min Read

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկի նախկին ղեկավարը, տվյալ համայնքում գտնվող նախադպրոցական հաստատության տարածքն ապօրինի, անհատույց իրենը դարձնելու դիտավորությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ Ա. Շ.-ի հետ նշված տարածքը Երևան համայնքից հափշտակելու վերաբերյալ:

Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ Ա. Շ.-ն նշված հասցեի նկատմամբ իր սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ 2018 թ. դիմում է հասցեագրել համայնքի ղեկավարին:

Վերջինս էլ, խախտելով օրենսդրությամբ սահմանված նորմերը, համաձայն որոնց՝ տվյալ գույքը կարող է օտարվել միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, և օտարվելու դեպքում էլ այն կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով, կազմել է նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքի մի մասը մասնավորեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ:

Այնուհետև, հիշյալ պաշտոնատար անձը, նշված որոշման նախագծին կցելով կեղծ տվյալներ պարունակող պաշտոնական փաստաթղթեր՝ Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրականում գոյություն չունեցող՝ 2005 թվականի սեպտեմբերի 7-ով թվագրված կեղծ որոշում, համաձայն որի՝ Ա. Շ.-ն և վերջինիս ընտանիքի անդամները ճանաչվել են օտարվող տարածքի վարձակալ:

Այսպիսով՝  2018 թվականի փետրվարի 12-ին կեղծ տվյալներ բովանդակող տեղեկանքի հիման վրա, Երևանի քաղաքապետի որոշմամբ, նշված տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը նվիրաբերվել է վարչական շրջանի ղեկավարի մտերիմ Ա. Շ.-ին:

Այնուհետև, հափշտակված գույքին օրինական տեսք տալու և դրա հանցավոր ծագումը խեղաթյուրելու նպատակով հիշյալ տարածքը 2018 թվականի փետրվարի 28-ին ձևակերպվել է Ա. Շ.-ի անվամբ, ով էլ, իր հերթին, նշված առանձնապես խոշոր չափերի՝ 18.720.000 ՀՀ դրամ շուկայական արժեքի գույքը 2019թ.-ին նվիրատվության պայմանագրով  փոխանցել է վարչական շրջանի ղեկավարի դստերը:

«Բացի այդ, վերը նշված պաշտոնատար անձը կազմել է միայն ուսումնական նպատակներով օտարելու ենթակա մեկ այլ գույք մասնավորեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշման ապօրինի նախագիծ, որի հիման վրա մանկապարտեզի տարածք հանդիսացող՝ 77.1 քմ մակերեսով և 11.400.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող տարածքը նվիրատվությամբ օտարվել է իր աշխատակցին՝ Երևան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին  քրեական օրենսգրքի 178‑րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ Ա. Շ.-ին՝ 38-178‑րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Share This Article
Թողնել մեկնաբանություն