Աշխարհում 2.4 մլրդ կին չունի տնտեսական նույն իրավունքները, ինչ տղամարդիկ․ փաստում է Համաշխարհային բանկի «Կանայք, բիզնես և օրենսդրություն» 2022 թ. տարեկան զեկույցը։
187 երկրում պահպանվում են իրավական խոչընդոտները, որոնք խաթարում են կանանց ամբողջական ներգրավվածությունը տնտեսական գործունեության մեջ, 86 երկրում կանայք բախվում են աշխատանքի որոշակի սահմանափակումների, 95 երկիր չի երաշխավորում հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրություն։
2018թ. համեմատ 2022թ. միջին ամսական աշխատավարձերի (վաստակների) սեռային խզվածքն աճել է 3.9 տոկոսային կետով, իսկ 2021թ. համեմատ՝ 3.7 տոկոսային կետով:
2022թ. ՀՀ-ում կանանց միջին վաստակը կազմել է տղամարդկանց վաստակի 60.8%-ը։ Բացի այդ՝ կանայք քիչ են ներգրավված ղեկավար պաշտոններում, ինչը ևս աշխատավարձերի խզվածքի խորացման պատճառներից է։
Որո՞նք են տնտեսական դաշտում կանանց և տղամարդկանց միջև այս անհավասարության պատճառները և ի՞նչ պետք է անի պետությունը սա նվազեցնելու համար։ Հարցերի շուրջ Banksnews.am-ը զրուցել է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» գործադիր տնօրեն Անուշ Պողոսյանի հետ։
– Որոնք են պատճառները, որ կանանց խանգարում են ներգրավվել տնտեսության և պետության զարգացման մեջ։
– Հասարակությունը կնոջ վրա դնում է այն պարտականությունը, որ կինն ավելի շատ պետք է զբաղվի տնային գործերով, և դա չի համարվում պատշաճ աշխատանք։ Շատ հաճախ ասում են՝ դե աշխատում են տղամարդիկ, պահում են ընտանիքները, չնայած այն փաստին, որ հիմա շատ կանայք իրականացնում են կրկնակի աշխատանք․ ոչ միայն աշխատում են տանը, այլ նաև ներգրավվում են դրսի աշխատանքներում։ Պատճառները շատ տարբեր են։ Հաճախ կանայք չեն կարողանում ներգրավվել աշխատանքում ընտանիքի պատճառով, շատ անգամ ընտանիքը դեմ է լինում, ամուսինները կամ սկեսուրները դեմ են լինում։ Բացի այդ՝ մենք երբ խոսում ենք տնտեսական աճի, պետության զարգացման գործում կանանց ներգրավվածության մասին, գենդերային հավասարության այնպիսի պայմաններ պետք է ստեղծենք, որպեսզի կանայք կարողանան ավելի հեշտությամբ ներգրավվել։ Օրինակ՝ եթե մինչև այսօր լուծված չէ մանկապարտեզների խնդիրը, ոչ բոլորը կարող են իրենց երեխաներին տանել մասնավոր մանկապարտեզ, իսկ պետական մանկապարտեզն աշխատում է մինչև ժամը 5-ը։ Մենք գիտենք, որ այսօրվա աշխատանքը 9-6-ն է, կամ 9-7-ը։ Քանի որ կանանց վրա է դրված երեխաների զբաղվածության, պահելու հարցը, շատ անգամ չեն կարողանում այդ ժամերը դասավորեն, որովհետև պետությունը տարրական այդ հարցը չի կարողանում լուծել։ Շատ դեպքերում էլ այնպիսի հերթեր են լինում, որ երեխաներին այնքան ուշ են ընդունում մանկապարտեզ՝ 4-5 տարեկանում, մինչև իրենց հերթը հասնում է, կանայք ստիպված են երկար սպասել։ Փորձը ցույց է տալիս, որ կանայք ունենում են շատ մեծ հաջողություններ ուսման մեջ, շատ լավ սովորում են, դիմում են մագիստրատուրայի, բայց շատ հաճախ այդ շղթան կտրվում է, քանի որ կանայք չեն ներգրավվում ավելի բարձր պաշտոններում, որոշումների կայացման մակարդակում ներգրավված չեն։ Եթե մենք ուզում ենք խթանել տնտեսական աճը, խթանենք կանանց զբաղվածությունը, նախ պետությունը պետք է իր վրա վերցնի այդ պարտավորությունը, որպեսզի կարողանա ապահովել հավասար հնարավորություններ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար, որպեսզի կանայք ևս կարողանան ազատ զգալ իրենց ներուժն օգտագործելու համար։
– Թվերը փաստում են, որ ղեկավար պաշտոններում աշխատողների գերակշիռ մասը տղամարդիկ են։ Ի՞նչ խոչընդոտների են հանդիպում կանայք` ղեկավար պաշտոններ զբաղեցնելու հարցում։
– Շատ հաճախ հասարակության մեջ տիրող կանրծրատիպերն են խանգարում, ըստ որի՝ կանայք և՛ կրթությամբ, և՛ ավելի էմոցիոնալ լինելով պայմանավորված չեն կարող որոշումների կայացման մեջ ներգրավվել, բայց մենք թերևս հակառակ պատկերն ենք տեսնում։ Նույն Ազգային Ժողովում տեսնում ենք՝ ինչ է կատարվում, երբ տղամարդիկ են ինչ-որ բան որոշում։ Շատ հաճախ այդ կարծրատիպերը կանանց հետ են պահում, մտածում են՝ բավարար հմտություններ չունեն։ Տեսնում եք՝ ինչպես են վերաբերվում Ազգային ժողովում, Կառավարությունում, երբ կանայք պաշտոններ են զբաղեցնում։ Անընդհատ մատնանշվում է իրենց սեռը և այդ սեքսիստական վերաբերմունքը, որ «դու կին ես, գնա ավելի լավ է խոհանոցում ինչ-որ որոշումներ կայացրու, ի՞նչ գործ ունես այստեղ» շատ անգամ դրանք խոչընդոտ են հանդիսանում, որպեսզի կանայք կարողանան իսկապես ներգրավվել տվյալ ոլորտում, բայց էն զարգացած պետությունների հետ եթե համեմատենք, տեսնում ենք, որ երբ կանայք ներգրավված են լինում նույն խաղաղաշինության պրոցեսներում կամ շատ այլ տարբեր պրոցեսներում, այդ երկրներում շատ ավելի լավ արդյունքներ ունեն։
– Հայաստանի օրենսդրական դաշտում ապահովվա՞ծ է լիարժեք իրավահավասարությունը։
– Օրենսդրության մեջ անգամ կան շատ խոչընդոտներ ու ոչ հավասար հնարավորություններ։ Նույն այդ քվոտավորումը Ազգային ժողովում։ Այն հավասար ձևով չէ՝ 50 տոկոս կանանց ներգրավվածության պահանջ չկա։ Բացի դա, օրենսդրությունը եթե նույնիսկ իդեալական էլ լինի, կարող է պրակտիկայում նույն իրավիճակը չլինել, քանի որ ունենք ընտանեկան բռնության շատ դեպքեր, գենդերային բռնության շատ դեպքեր, անգամ կանայք իրենց մարմնի վերաբերյալ որոշումներում երբեմն ազատ չեն, կախված են իրենց ամուսինների, զուգընկերների կողմից թելադրվող որոշումներին։ Այսօր եթե անգամ չես կարող որոշել՝ կարո՞ղ ես հղիության արհեստական ընդհատում անել, թե ոչ, դա նշանակում է, որ այդ իրավունքը քեզնից խլել են, ու դու դրա զոհն ես։
– Կառավարությունը համագործակցո՞ւմ է հասարակության հետ խնդիրների լուծման հարցում։
– Նախարարություններին կից խորհուրդներ կան, որոնց անդամակցում ենք մենք, բարձրաձայնում մեզ հուզող հարցերը, ստեղծվում է ինչ-որ իրավիճակ, որ իրենք քննարկել են հասարակության հետ, քանի որ մենք դրանց անդամ ենք, բայց շատ հաճախ ունենք իրավիճակներ, որ մեր առաջարկները չեն ընդունվում։ Օրինակ՝ առողջապահության համապարփակ ապահովագրությունը, որը պետք է ներդրվի, շատ լավ գաղափար է, բայց կան շատ խնդիրներ, որոնց առնչվելու են կանանց՝ սկսած նրանից, որ պոլիկլինիկաներն ընդհանրապես դեռ պատրաստ չեն ընդունել տարբեր կանանց կարիքները հոգալու համար, այս առիթով մենք շատ մեծ աշխատանքներ ենք իրականացնում, բայց շատ դեպքերում դրանք ապարդյուն են լինում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում