Այսօր կառավարության չզեկուցվող հարցով ևս մեկ որոշում կայացրինք, ինչը համայնքների և բնակիչների համար, կարծում եմ, կարևոր է:
Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Մենք ունենք 71 համայնք, որոնցից 64-ը խոշորացված է: Այդ 64-ից 55-ում արդեն գործում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ: 55-ում գործում է 75 գրասենյակ: Կան համայնքներ, որտեղ մեկից ավելի գրասենյակներ կան, և ահա ունենք 40 համայնք, որոնք ներառվել են մի ծրագրում, որտեղ համայնքը սկսում է պետական այլ գերատեսչությունների ծառայություններ մատուցել. մասնավորապես, պետական ռեգիստրի, կադաստրի, միգրացիայի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և այլն: Այս որոշմամբ այդ 40 համայնքից զատ մյուս համայնքներն էլ ենք մտցնում այդ ցանկում, որպեսզի առաջիկայում համապատասխան վերապատրաստումներն անցնեն համայնքնային աշխատողները, և համայնքապետարանը սկսի մատուցել այդ ծառայությունները, որպեսզի մեր քաղաքացիները կադաստրի գրասենյակ, միգրացիոն ծառայություն և շատ այլ ծառայություններ գնալու կարիք չունենան և հենց համայնքում ստանան այդ ծառայությունները»,- նշել է նախարարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում