Դպրոցից 28 մլն դրամից ավելի գումար հափշտակելու համար մեղադրվող աշխատակիցը հայտնաբերվել է. ՔԿ

3 Min Read
Ավարտվել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի միջոցներից առանձնապես խոշոր չափի՝ 28 մլն ՀՀ դրամից ավելի գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ Կարճաղբյուր բնակավայրի «Ա.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ընթացիկ գործունեությունը ղեկավարելու իրավասություն ունեցող անձը, 2016-2019 թվականների ընթացքում, ունենալով կազմված աշխատավարձերի բաշխման վերաբերյալ փաստաթղթերի իսկությունը ստուգելու և դրանից հետո միայն հաստատելու պարտականություն, առանց օրենսդրական հիմքերի, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգից օգտվելու կանոնները չիմանալու պատճառաբանությամբ, իր փոխարեն նշված գործողությունների կատարումը վստահել է դպրոցի ֆինանսական գործառնություններ կատարելու իրավասություն ունեցող անձին՝ վերջինիս տրամադրելով իր նույնականացման քարտը, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգ մուտք գործելու համար նախատեսված իր մուտքանուն-գաղտնաբառը։
Արդյունքում վերջինս, ունենալով դպրոցի բյուջեի միջոցները տնօրինելու լիազորություն, ծառայողական լիազորություններն օգտագործելով, դպրոցի՝ իրեն վստահված միջոցներից, առանց օրինական հիմքերի, որպես աշխատավարձի գումարներ, ելքագրել և մաս-մաս ինչպես իր, այնպես էլ դպրոցի աշխատակից չհանդիսացող իր կնոջ, ծանոթի ու քննությամբ ինքնությունները չպարզված այլ անձանց հաշիվներին փոխանցել է ընդհանուր առմամբ 28.526.400 ՀՀ դրամ գումար ու հափշտակել՝ ՊՈԱԿ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Նախաքննության ընթացքում նշված վնասից վերականգնվել է 1 մլն ՀՀ դրամը։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ դպրոցի նախկին՝ գործունեությունը ղեկավարելու իրավասութուն ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է 2023 թ․ օգոստոսին, և այդ մասով քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էին դատարան:
«Դպրոցի բյուջեի միջոցները տնօրինելու լիազորություն ունեցող աշխատակցի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Քննությունից խուսափելու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցվել էր, սակայն 2024 թվականի հունվարի 29-ին Ոստիկանության Ինտերպոլ ԱԿԲ-ից տեղեկություն է ստացվել վերջինիս՝ Հայաստան ժամանելու մասին։
Տղամարդը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Վերսկսված վարույթով նրան ներկայացվել է մեղադրանք, առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կիրառված կալանքը վերստին քննարկելու համար, որը բավարարվել է մասնակի․ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 3.500.000 ՀՀ դրամ գրավով:
Նախաքննությունն ավարտվել է նաև նշված անձի մասով, և նրա վերաբերյալ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կիսվեք այս հոդվածով