Հայաստան եկած 90 հազար «այթիշնիկներից» 15-20 հազարն է մնացել Հայաստանում. Հովիկ Մուսայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի առնչությամբ չկա հանրային ընկալում, թե ինչ է բարձր տեխնոլոգիան, և այն ինչ է տալիս երկրին։ Այս մասին այսօր խորհրդարանում ՏՏ ոլորտի օրենսդրության վերաբերյալ լսումների ժամանակ ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

«Այս ընկալումը շատ քչերի մոտ է նաև պետական համակարգում, միշտ այդպես է եղել։ Մեղավոր է նա՝ մեր ոլորտը, որ չի կարողացել միջին վիճակագրական քաղաքացուն ու միջին վիճակագրական չինովնիկին բացատրել, թե այս ոլորտն ինչ հավելյալ արժեք է ստեղծում և ինչ օգուտ է տալիս մեր երկրին։

Մեր երկրում բարձր աշխատավարձ ստացող մարդկանց, մեղմ ասած, չեն սիրում, երբ կա այդ ընկալումը, և մենք առաջարկում ենք, որպեսզի մեզ արտոնություններ տան, սա ավելի մեծ հակազդեցություն է առաջացնում»,- Մուսայելյանը։

Ըստ նրա, Վրաստանում այսօր ոլորտը 0 ինդուստրիայից դարձրել են վիթխարի ինդուստրիա։ Վրաստանում էլ ընդօրինակել են իրենց հարևանից՝ Թուրքիայից։

«Մենք միայն չպետք է խոսենք այն մասին, թե ռելոկանտներն ինչու գնացին։ 90 հազար այթիշնիկից այսօր երևի 15-20 հազար են մնացել, իհարկե, մեզ պիտի հարց տանք, թե ինչու են գնացել, որովհետև մեզ մոտ ընդունված է, երբ ինչ-որ խնդիր է, գները բարձրացնում են, հետո այդ խնդիրը լուծում ես, բայց գները երբեք չեն իջնում, մեկ սենյականոց բնակարանի գների հետ կապված և այլն»,- շեշտեց նա։

Հովիկ Մուսայելյանը նաև դժգոհեց հարկային ստուգումներից՝ ընդգծելով.

«Այնպիսի տպավորություն է, որ մեր հարկային ծառայությունն այնքան ռեսուրս ունի, որ հիմնականում գնում են ստուգումների այն ընկերություններ, որտեղ տարիներ ի վեր մեկ դրամի տուգանք չի եղել։ Ընկերություններին պարգևատրում են՝ որպես բարեխիղճ հարկատուներ, ծափահարում են, գլուխ են գովում ու դրանից հետո հերթական ստուգումներն են անում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Share This Article