Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի առաջին նիստը, որում ներկայացվել է ՀՀ գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության նախագիծը:
Խորհրդի կազմում ներգրավված են ինչպես պետական հատվածի ներկայացուցիչներ, այնպես էլ ոլորտի մի շարք հայտնի ընկերությունների՝ «Սինոփսիս Արմենիա», «Ինթելինեյր», «ՍԱԴԱ սիստեմս», «Սթրաթեջիք վելյու վենչուրս», «Բիգքընթրոլս», «Պրոջեքթ ինթեգրեյշըն» և այլ ընկերությունների ղեկավարներ:
Մինչ նախագծի ներկայացումը, Կառավարության ղեկավարը նշել է, որ այս ֆորմատը ձևավորվել է խորհրդի անունից բխող ակնհայտ պատճառներով ու նպատակներով, և շնորհակալություն հայտնել ներկաներին խորհրդում ներգրավվելու, աշխատանքներին մասնակցելու պատրաստակամության համար:
«Ակնհայտորեն Հայաստանի Հանրապետությունը զարգացման ճանապարհին ունի բազմաթիվ խոչընդոտներ, և մեր ընկալումն այն է, որ այդ խոչընդոտները հաղթահարելու առաջնային գործիքներից է գիտությունը և սրանից բխող տեխնոլոգիական ոլորտը: Այս ֆորմատում մենք կփորձենք ոլորտի ներկայացուցիչների, Կառավարության և խորհրդարանի գործընկերների մասնակցությամբ ռազմավարությունների մշակման գործում ավելի մեծ ներգրավվածություն ապահովել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այսօրվա հանդիպումն այդ պրոցեսի մեկնարկն է, և նիստի արդյունքներով որոշումներ կկայացվեն հետագա աշխատանքի կազմակերպման վերաբերյալ:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ Հակոբ Արշակյանը ներկայացրել է ռազմավարության տեսլականը, նպատակը և շրջանակը: Ըստ այդմ՝ ռազմավարության տեսլականը Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի թռիչքային աճի ապահովումն է, իսկ նպատակը՝ կրթության, կիրառական գիտության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտների քաղաքականությունների համապատասխանեցման ու փոխկապակցված զարգացման մեխանիզմի ներդրումն ու իրագործումը:
«Վերջին երեք տարիներին կտրուկ ավելացել է գիտության ֆինանսավորումը, և հատկանշական է, որ հատկապես նպատակային ծրագրային ֆինանսավորման և թեմատիկ ֆինանսավորման ուղղությամբ է աճը տեղի ունենում»,- նշել է Հակոբ Արշակյանը:
Նա հավելել է, որ Հայաստանում լաբորատոր փորձարկումների համար նախատեսված նվազ կարողություններ կան և անհրաժեշտ է այստեղ առաջնահերթություններ սահմանել ու լաբորատոր կարողությունները նույնպես թիրախավորված զարգացնել:
Ըստ Հակոբ Արշակյանի, շատ կարևոր է, որ արդեն կան կապիտալ ներդրումների համար հատկացված միջոցներ:
Անդրադառնալով բարձր տեխնոլոգիական ոլորտին՝ նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում՝ 2021 թվականին՝ 34 տոկոս, 2022-ին՝ կրկնապատիկ և 2023-ին՝ 44 տոկոս շրջանառության աճ է գրանցվել:
Նախագծում ներկայացվել են 5 ճյուղեր՝ արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, միկրոէլեկտրոնիկա, ընդլայնված ռոբոտաշինություն, քվանտային տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա և գիտություններ, որոնք իրենց մեջ պարունակում են և՛ կրթական, և՛ գիտական, և՛ արդյունաբերական ուղղությունների կոմպոնենտներ:
Առաջարկվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն գործադիր մարմնի շրջանակներում՝ ի նպաստ վերոնշյալ ճյուղերի զարգացման և ներդրումների արդյունավետության բարձրացման:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Կարծում եմ, որ խորհրդի աշխատանքային խմբերը պետք է աուդիտի ենթարկեն մեր այս երեք ուղղություններով իրականացվող քաղաքականություններն ու գնահատեն, թե այդ քաղաքականություններն ինչքանով են նպաստում այս ճյուղերի հետագա զարգացմանը, գնահատեն այդ նպաստը: Եթե այդ նպաստը քիչ է, ապա ի՞նչ պետք է անել դա առավել արդյունավետ դարձնելու համար»:
Ծավալվել է մտքերի փոխանակություն նախագծում բարձրացված հարցերի, խնդիրների լուծման և մեխանիզմների հասցեագրման շուրջ: Մասնավորապես, առաջարկություններ և դիտարկումներ են ներկայացվել նշված ուղղություններով զարգացման մեխանիզմների ներդրման շուրջ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի անհրաժեշտ լուծումներ գտնել հայեցակարգային հարցերին և իրագործել նախանշված ծրագրերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում