Վերջին 10 տարիներին իշխանություններն անընդհատ խոսում են գիտելիքահեն տնտեսության կառուցման անհրաժեշտության մասին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ն չունի այդքան շատ օգտակար հանածոներ, ծով և այլ հնարավորություններ, Հայաստանի տնտեսության մրցունակությունը պետք է անմիջապես կախված լինի այն մարդկանցից, ովքեր իրենց միտքը, գիտելիքներն ու հմտությունները օգտագործում են տարատեսակ գիտելիքահեն ծառայություններ մատուցելու համար։
Գիտելիքահեն տնտեսության մասին երկար տարիներ խոսելուց հետո, ի վերջո, ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է գիտելիքահեն տնտեսական գործունեության տեսակների (ծառայությունների) ցուցանիշների մասով վիճակագրությունը։ Այս քայլն էապես հասկանալի կդարձնի գիտալիքահեն ծառայությունների շրջանակները և դրանց մատուցման արդյունքում ձևավորվող արժեքը, ինչն էլ իր հերթին կազդի տնտեսության տարբեր ոլորտների վրա, կապահովի բարձր տեխնոլոգիական զարգացում, ինչպես նաև երկարաժամկետ տնտեսական աճ։
2023թ-ին գիտելիքահեն ծառայությունների ծավալը Հայաստանում կազմել է մոտ ֏1,9 տրլն, որը 2022թ-ի համեմատ աճել է 11,7%-ով։ Ուսումնասիրենք գիտելիքահեն ծառայությունների կառուցվածքը․
Վիճակագրական տվյալների հիման վրա ստացված արդյունքները փաստում են, որ 2023թ-ի հունվար-դեկտեմբերին մատուցված գիտելիքահեն ծառայությունների ծավալների 43%-ը կազմել են ֆինանսական ծառայությունները, որոնց ծավալները 2022թ-ի համեմատ նվազել են 6,9%-ով։ Գիտելիքահեն ֆինանսական ծառայությունների ծավալների 89,3%-ը պատկանում է ֆինանսական միջնորդության ծառայություններին, բացի ապահովագրությունից և կենսաթոշակային ապահովությունից։ Վերջինիս ծավալները 2022թ-ի համեմատ նվազել են 7,1%-ով։
Գիտելիքահեն ծառայությունների ծավալների 34%-ը պատկանում է բարձր տեխնոլոգիական գիտելիքահեն ծառայություններին. 2023թ-ին 2022թ-ի համեմատ աճել է շուրջ 35,4%-ով։ Այս ծառայությունների ծավալների մոտ 70%-ը պատկանում է ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառին։ Վերջինիս ծավալները 2023թ.-ին 2022թ. համեմատ աճել են 53,2%-ով։
13% արդյունքով երրորդ տեղում են հայտնվել այլ գիտելիքահեն ծառայությունների ծավալները, որոնք 2023թ.-ին 2022թ. համեմատ աճել են 7,2%-ով։ Վերջինիս ծավալների, որոնք 2022թ. համեմատ աճել են 3,4%-ով, 56,7%-ը պատկանում է առողջապահությանը։
Գիտելիքահեն ծառայությունների ծավալների 10%-ը պատկանում է գիտելիքահեն շուկայական ծառայություններին (բացառությամբ բարձր տեխնոլոգիական և ֆինանսական)։ Վերջինիս ծավալերը 2023թ.-ին 2022թ. համեմատ աճել են 47,2%-ով։ Այստեղ 58,9%-ը պատկանում է օդային տրանսպորտի գործունեությանը, որի ծավալները 2023թ.-ին 2022թ. համեմատ աճել են 174%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում