Այսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանն ասել է առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:
Շտապօգնության բժիշկների մոտ առկա կլինեն պլանշետներ, որտեղ կգրանցվի կանչի ստացման պահից սկսած յուրաքանչյուր քայլ՝ կանչի ժամը, հիվանդի ներկայացրած գանգատները, ախտորոշումը, իրականացված միջամտությունները, դեղերի ցանկը, հիվանդանոց տեղափոխման ընթացքը և այլն:
«Ստանալով կանչը՝ առայժմ դիսպետչերների միջոցով փոխանցվում է պլանշետի վրա: Իհարկե, հաջորդիվ ունենալու ենք միանգամից փոխանցում: Գանգատները անմիջապես նշվելու են, կա նաև ձայնային մուտքի հնարավորություն, կա նաև էլեկտրասրտագրությունը նկարելու հնարավորություն: Բոլոր ախտորոշումները, որոնք համաշխարհային միջազգային բժշկական դասակարգավորման մեջ կան, ներառված են, և շատ հեշտ և գրագետ ձևով կարող են ներմուծել»,- ասել է Դավիթ Կարապետյանը:
Բացի կանչի ընթացքի արձանագրումից՝ վճարովի ծառայության դեպքում պլանշետներով հնարավոր կլինի նաև քարտից գումար գանձել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում