Որքան են կազմել Երևանի բյուջեի սեփական եկամուտները

1 Min Read

Երևանի բյուջեի սեփական եկամուտները փետրվարի 29-ի դրությամբ կազմել են 8 մլրդ 44 մլն դրամ. փետրվարի համար նախանշված ցուցանիշը թերակատարվել է 926.8 մլն դրամով:

Այս մասին տեղեկացրել է քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արման Ջհանգիրյանը։

Նա մանրամասնել է, որ թերակատարման հիմնական պատճառ է կազմել տեղական տուրքերի ու վճարների գծով մուտքերի պակաս հավաքագրումը, քանի որ ավագանու որոշմամբ արտոնությունների 2 փաթեթ է տրամադրվել:

«Բավական լուրջ արտոնություններ են տրամադրվել շինարարության ոլորտից եկող տեղական վճարների ու տուրքերի գծով՝ ընդհանուր մոտ 3 մլրդ դրամի չափով»,- ասել է նա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքելով նշել է, որ ծախսային հոդվածներով ունենք էական փոփոխություններ և ավելացումներ են լինելու:

«Մասնավորապես, մանկապարտեզներում մոտավորապես 30 տոկոսով աշխատավարձերն են վերանայվելու, նաև ունենք տարատեսակ նոր ծրագրեր շինբարեկարգման վարչության կողմից, տրանսպորտի կողմից, և այդ ծրագրերը պետք է իրականացնենք։ Հետևապես, հավաքագրումը շատ կարևոր է»,- ասել է նա։

 

Կիսվեք այս հոդվածով