ՀՀ մշակույթի այն գործիչները, որոնք միջազգային հեղինակավոր փառատոների ու մրցույթների մրցանակակիր են դարձել, կստանան դրամական խրախուսում կառավարության կողմից։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախագծային ցանկում ընդգրկված են ավելի քան 150 նմանատիպ փառատոներ, մրցույթներ ու մրցանակաբաշխություններ, որոնք պարտադիր պետք է լինեն միջազգային, անցկացվեն պարբերաբար, ազգային ժյուրիի կազմ ունենան, ստանան այն երկրի աջակցությունը, որտեղ անցկացվում են։
«Դրամական խրախուսումը տրամադրվելու է մշակույթի այն գործիչներին, որոնք ՀՀ քաղաքացի են, ներկայացնում են պետությունը և արժանացել են մրցանակի։ Ցանկում ներառվել են մշակույթի գրեթե բոլոր ոլորտները` թատերարվեստ, կերպարվեստ, երաժշտարվեստ, գրականություն, մշակութային ժառանգություն և այլն»,– ասել է նախարարը։
Նրա խոսքով` խրախուսումը կիրականացվի ամենամսյա պարբերականությամբ` մեկ տարի ժամկետով։
Անդրեասյանը նշել է, որ դրամական պարգևի չափերը սահմանելիս հիմք են վերցրել սպորտի բնագավառում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման կարգը` ամսական 130-800 հազար դրամ։ Խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատները, այնպես էլ խմբերը։
«Վերջին տարիների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ խոսքը վերաբերում է տարեկան 11 մարդու, երկու խմբի, գումարի ընդհանուր ծավալը կկազմի տարեկան շուրջ 85 մլն դրամ։ Այսպիսով խրախուսում ենք մեր գործիչներին, որ մասնակցեն այդ փառատոներին։ Սա նաև կբերի մշակույթի բնագավառում ավելի մեծ արդյունքների։ Այս նախագիծը նաև այլընտրանք է այն կոչումներին, որոնք մնացել էին խորհրդային տարիներից, ու որոնց շնորհումը մենք օրենքով դադարեցրինք»,– ասել է նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ կոլեկտիվների դեպքում գումարը պետք է տրվի միանվագ` ամբողջ տարվա գումարը միանգամից։