Մինչ հանրության ուշադրությունը կենտրոնացած է տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրների վրա, հանցագործները շարունակում են իրենց ակտիվ գործունեությունը։ Հատկապես, հարկային և մաքսային համակարգերում արձանագրված հանցագործությունների մասին է խոսքը։ Այս ոլորտում կատարվող հանցագործություններն ունեն որոշակի յուրահատկություն։
Շատ են լինում դեպքերը, երբ հանցագործությունները ոչ թե կատարվում են կանխամտածված, այլ օրենսդրության ոչ բավարար իմացության պատճառով։ Այս տեսանկյունից կարևոր է ֆինանսատնտեսական գրագիտության բարձրացումն այն ձեռներեցների շրջանում, ովքեր որոշել են որոշակի գործունեություն նախաձեռնել, և այսպես թե այնպես առնչվելու են հարկային և մաքսային վարչարարության որոշ փուլերին։
Ձեռներեցների շրջանում բարձր գրագիտությունը ոչ միայն սեփական գործի հաջողության, այլ նաև հասարակության անվտանգության երաշխավորն է։ Մյուս կողմից գործում են կանխամտածված հանցագործությունները, որի պարագայում դրանց իրագործողները պետք է օրենքին համապատասխան պատիժներ կրեն։
Անդրադառնալով ՎԿ կողմից հրապարակվող վիճակագրական տվյալներին՝ կարող ենք փաստել, որ հարկային և մաքսային համակարգում հետաքննության նյութերով առնչվող անձանց թվաքանակը եղել է հետևյալը․
ԳԾԱՊԱՏԿԵՐ 1․ Հարկային և մաքսային համակարգում հետաքննության նյութերով առնչվող անձանց թվաքանակը 2022 և 2021թթ հունվար-հունիս ժամանակահատվածում
2022 և 2021թթ-ի առաջին կիսամյակում հարկային և մաքսային համակարգում հետաքննության նյութերով առնչվող անձանց թվաքանակը կազմել է համապատասխանաբար 670 և 646 մարդ։
Դիտարկենք հարկային և մաքսային համակարգում հետաքննության նյութերով առնչվող անձանց թվաքանակը ըստ տարբեր հանցատեսակների․
ԳԾԱՊԱՏԿԵՐ 2․ Հարկային և մաքսային համակարգում հետաքննության նյութերով առնչվող անձանց թվաքանակն ըստ հանցատեսակների 2022 և 2021թթ հունվար-հունիս ժամանակահատվածում
Ինչպես կարելի է նկատել գծապատկեր 2-ում, մեծ թվով մարդիկ՝ 331 մարդ, մեղադրվում են հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու մեջ։
Երկրորդ հորիզոնականում են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության մեջ մեղադրվող անձինք՝ 159 մարդ։
Երրորդ հորիզոնականում են կանխամտածված սնանկության մեջ մեղադրվողները՝ 117 մարդ։
Վերը բերված ցանկը նայելիս կնկատենք երկու տարօրինակ հանցագործություն, որոնք հասարակությունում միշտ քննարկվել են, սակայն պետական մակարդակով արդեն ավելի ակտիվ են սկսվել հայտնաբերել նման հանցագործությունները։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է սպառողներին խաբելուն, որի շրջանակներում 2022թ-ի առաջին կիսամյակում հետաքննության նյութերով առնչվել է 11 մարդ։ Մեկ մարդ էլ մեղադրվում է վարկը ոչ նպատակային օգտագործելու մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում