Գյումրու օդանավակայանի թռիչքուղին ունի դժվարություն, և ոչ բոլորը կարող են վայրէջք կատարել. Սանոսյան

2 Min Read

Գյումրու օդանավակայանում լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվել, և հիմա էլ շինարարությունն ընթացքի մեջ է: Թռիչքուղին ամբողջովին վերանորոգվել ու հիմնանորոգվել է, շինարարության ավարտին թե՛ մուտք գործող ուղևորները, թե՛ ելքից օգտվողներն ամբողջովին բարեկարգված հատվածներով կանցնեն:

Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Խաչատրյանի դիտարկմանը, թե Գյումրու օդանավակայանի շենքը 1982 թվականին է շահագործման հանձնվել, որից հետո խոշորածավալ շինաշխատանքներ չէին իրականացվել, և թռիչքուղին ոչ բարվոք վիճակում էր, բայց 2021 թվականին թռիչքուղու ամբողջական հիմնանորոգում իրականացվեց, շահագործման հանձնվեց ժամանակակից սրահ, բայց թռիչքների թիվն այդպես էլ չավելացավ:

Պատգամավորը հետաքրքրվել է՝ կա՞ ծրագիր թռիչքների ավելացման ուղղությամբ:

«Այո՛, սպասելիքները դեռ չեն արդարացել, որ կարող են շատ ավելի շատ թռիչքներ լինել: Ընդ որում՝ մի տեխնիկական խնդիր էլ կա, այնուամենայնիվ. այդ թռիչքուղին ունի որոշակի մասնագիտական դժվարություն, և բոլոր ինքնաթիռները, բոլոր օդաչուները չէ, որ կարող են վայրէջք կատարել [Գյումրու օդանավակայանում], այսինքն՝ որոշակի մասնագիտական սահմանափակումներ կան: Այնուամենայնիվ, մենք վերջին տարիներին բավականին դրական աճ ունենք: Նախորդ տարի ևս մեծ աճ է գրանցվել, և այդ միտումը շարունակվում է:

Ուրախալի է, որ «Հայկական ավիաուղիները» դրանցում իրենց մասնակցությունն ունեն, և հիմա ամեն 3-րդ ուղևորը տեղափոխվում է որևէ ավիաընկերությունով»,- ասել է նա:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ կառավարությունում կա մի գործընթաց՝ կապված «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների հետ, քննարկվում է շենքային ընդլայնման հարցը:

«Բայց նաև կա ակնկալիք, որ Գյումրու օդանավակայանն ավելի շատ կսկսի օգտագործվել և իր դերը կմեծացնի, երբ Երևան-Գյումրի, Հյուսիս-հարավ ճանապարհն ավարտենք, և ավելի կարճ ժամանակում մարդիկ կարողանան հասնել Գյումրի, ինչն իր նպաստը կբերի, որ մի շարք ավիաընկերություններ, հաշվի առնելով, որ Գյումրու օդանավակայանից կան արտոնություններ, և տոմսի արժեքը մատչելի կլինի, այդ հանգամանքն օգտագործելով, կսկսեն այդ ուղղության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերել»,- ասել է նախարարը:

Share This Article