Մարտ ամսից մի շարք դեղեր հնարավոր չի լինի ձեռք բերել առանց էլեկտրոնային դեղատոմսի. փոխնախարար

2 Min Read

ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում մարտ ամսից մի շարք դեղեր հնարավոր չի լինի ձեռք բերել առանց էլեկտրոնային դեղատոմսի։  

Նրա խոսքով՝ դեղատոմսով են դառնալու բոլոր հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերիային, հակավիրուսային դեղերն ու իմունային շիճուկները, ինչպես նաև իմունոգլոբուլինը, պատվաստանյութերը և միզոպրոստոլ պարունակող դեղերը

«Միայն կենտրոնացված գնումներով ստացած դեղորայքից պիլոտային ծրագրի շրջանակում 1.7 մլն-ից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել, իսկ անվճար և արտոնյալ պայմաններով` մոտ 600 000»,- հայտնել է փոխնախարարը:

Ըստ նրա՝ բոլոր դեղատոմսերը դուրս են գրել առաջնային օղակի բժիշկները և ներգրավված են առաջնային օղակի բոլոր հիմնարկները։

Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանն էլ մանրամասնել է, թե ինչ սկզբունքով է աշխատելու համակարգը։

Բժիշկը դուրս է գրելու դեղատոմսն էլեկտրոնային եղանակով, որտեղ նշելու է դեղի ազդող նյութը, քանակը, ժամկետը, թե օրական քանի անգամ և ինչպես պետք է ընդունել այն։ Այս գործընթացից հետո պացիենտը կարող է գնալ դեղատուն, որտեղ աշխատակիցը կփնտրի պացիենտի անունը ու դրանից հետո միայն կտրամադրի դեղորայքը։

Դեղատոմսը մարվում է միայն այն դեպքում, երբ պացիենտը ստանում է բոլոր դեղերը, այսինքն` անձը պարտավոր չէ միանվագ վերցնել իր դեղերը, դա կարող է անել նաև մաս-մաս։

Բուժառուն պարտադիր պետք է դեղատուն մոտենա անձը հաստատող փաստաթղթով, այլապես այնտեղի աշխատակիցը չի կարողանա հասանելիություն ունենալ նրա դեղատոմսին։ Բուժառուի փոխարեն կարող է կոնտակտային անձը մոտենալ, բայց նա նույնպես պետք է անձը հաստատող փաստաթղթով մոտենա։

 

Share This Article