ԼՂ-ից բռնի տեղահանվածները նախկին վարկերի մասով ունեն չկատարված պարտավորություններ, ինչը ֆորմալ տեսանկյունից այդ մարդկանց բանկային համակարգի համար դարձնում է ռիսկային, և նրանց վարկի տրամադրումը որոշակի սահմանափակումների է ենթարկվում:
Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի դիտարկմանը, թե 2020 թվականից ԼՂ-ից Հայաստան եկած մեր հայրենակիցները, որոնք բնակարան գնելու սերտիֆիկատներ են ստացել, ունեն դրանք իրացնելու խնդիր, քանի որ սև ցուցակներում են, իսկ բլոկադայի ընթացքում բազմաթիվ այլ քաղաքացիներ էլ են հայտնվել այդ ցուցակներում: Քննարկվե՞լ է նրանց խնդիրը:
Ըստ Խաչատրյանի՝ բանկային համակարգի մասնակցությունը տվյալ գործընթացին դիտարկվում է որպես կամուրջ, և պետք է այնպես անել, որ բանկային համակարգն այդ հարաբերություններում ռիսկեր չունենա:
«Մենք փորձում ենք այնպիսի լրացուցիչ կարգավորումներ նախատեսել, որ այդ խնդրի առջև կանգնած անձինք ծրագրից օգտվելու սահմանափակումներ չունենան»,- ասել է նա:
Ըստ փոխվարչապետի՝ խնդիրը վերաբերում է նաև այն հարցին, թե արդյոք առկա՞ են բավականաչափ տարածքներ, որպեսզի աջակցության շրջանակն ամբողջությամբ և արագ իրականացվի:
«Ցավոք սրտի, առկա չեն: Մեր նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակարանային շուկան՝ ներառյալ առանձնատները, այդ թվում՝ մարզերում, տարվա ընթացքում այն չափով չեն շրջանառվում առկա պատրաստ տների, բնակարանների շուկայում, որպեսզի հնարավոր լինել մեծաքանակ գնումներ իրականացնել միաժամանակ»,- ասել է նա:
Նա նշել է, որ այս պահին մտածում են խնդրի փուլային լուծման մասին, և որ դա ունի երկու պատճառ:Առաջինն այն է, որ այդկերպ որոշակի ընտանիքների առաջնահերթորեն կտրվի խնդիրն ավելի արագ լուծելու հնարավորություն:
«Առաջին փուլում երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները կօգտվեն նախատեսվող աջակցությունից: Երկրորդ պատճառն այն է, որ եթե մենք միաժամանակ այդչափ մեծ քանակով գնման իրավունքների վկայականներ տանք, դա անպայմանորեն կազդի անշարժ գույքի շուկայի գների վրա: Այսինքն՝ հնարավոր է, որ մենք, մեծ քանակով պահանջարկ ստեղծելով, կարճ ժամանակահատվածում ստեղծենք այնպիսի իրավիճակ, որ գներն անարդարացի ձևով բարձրանան»,- ասել է նա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե կոնկրետ ժամկետ կա՞, թե երբ կլուծվի նրանց խնդիրը, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ ցանկալի է, որ խնդիրը լուծվի արագորեն, բայց դա կապված է նաև վերջիններիս՝ ՀՀ քաղաքացինություն ձեռք բերելու հանգամանքի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում